ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հավերժի ճամփորդները՝ ՄԱՍ II

Հավերժի ճամփորդները՝ ՄԱՍ II

Հավերժի ճամփորդները՝ ՄԱՍ II

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ … ԱՆԿԱՏԱՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ

Աչքս փակվեր մի բուռ հողով, Ձեր այդքան թանկ անունները Քարին գրված չտեսնեի

Համո Սահյան

Արցախյան մերօրյա պատերազմը չնայած ողբերգական ավարտին, չի կարող ստվերել  մեր հայորդիների սխրանքները՝ շարքայինից հրամանատար։ Նրանք մեկնեցին անխռով գիտակցումով, հայրենիքի կանչով խանդավառված։ Հայրենիք, անսահման թանկ մի փոքրիկ հողակտոր, որքան թախիծ, որքա՜ն անհուն վիշտ ու մորմոք, որքա՜ն կարոտ կա այստեղ։

Որքա՜ն  երազանքներ մնացին անկատար, որքա՜ն օջախներ մարեցին, որ պիտի նոր շիվեր տային, որքան նորաբողբոջ կյանքեր ․․․․

Նոր սերունդը Ձեր երազներն ու իղձերը կյանքի է կոչելու։

Լուսանկարիչ՝ Սիփան Գյուլումյան

Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը տված հայ մարտիկներին՝ շարքայինից մինչև բարձրաստիճան պաշտոնյա։

Փառք ու պատիվ քեզ հպարտ հայորդի, հանուն հայրենիքի դու անմահացար․․․․

Սեդա Գալստյան
Հայաստանի պատմության թանգարան, «Նոր և նորագույն պատմության» բաժնի վարիչ, sedagalstyan@yahoo.com

Նրանք պայմանագիր կնքեցին հավերժության հետ…

Արցախը բոլոր ժամանակներում իր  տեղն ու դերն  է ունեցել հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարում: Դարեր շարունակ Արցախն ու Սյունիքը եղել են Արևելյան Հայաստանում ծավալված  ազատագրական շարժումների հիմնական կենտրոնները: «Շուրջ 70 տարի կոմունիստական կուսակցությունը փորձում էր ԽՍՀՄ-ում բնակվող հարյուրից ավել ազգություններին համոզել, թե երկրում ազգային հարցը հաջողությամբ ու վերջնականապես լուծված է» (Մինասյան 2013, 59-60): 1985թ. հետո Խորհրդային Միությունում սկսված ազատագրական  շարժումների ծավալումը գորբաչովյան այսպես կոչված «վերակառուցման» անմիջական հետևանք էր: Իր ազգային արժանապատվությունը, «ոտնահարված իրավունքները» (Բալայան 2011, 263) պաշտպանելու համար առաջինը հանդես եկավ արցախահայությունը, ովքեր չէին հաշտվել պատմական իրենց տարածքները Ադրբեջանին բռնակցելու և Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականության հետ: Նրա պայքարը սահմանադրական ճանապարհով մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ վերամիավորվելն էր: 1988-1994թթ Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունը վերաճեց  հայ- ադրբեջանական՝ 1991-ից լայնամասշտաբ պատերազմի, որի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հարկադրված էին Ռուսաստանի միջնորդությամբ և Մինսկի խմբի օգնությամբ 1994թ մայիսին հրադադար խնդրել:   1994թ. մայիսին Մոսկվայում «բանակցություններն ավարտվեցին մայիսի 14-ից զինադադարի հաստատումով» (Բալայան 2011, 275): Սա Արցախյան առաջին պատերազմն էր: «Արցախցու անխորտակ նավը, անցնելով խռովահույզ օվկիանոսը, մաքառելով չարի ու բռնության դեմ, հասել է 21-րդ դարի ալեկոծ նավահանգիստը» (Բալայան 2009, 18): 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմեց զենքի ուժին՝ նախընտրելով այդ ճանապարհով հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը[1]: 2020թ. Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակման անցավ շփման գծի ողջ երկարությամբ:

Սեդա Գալստյան
Հայաստանի պատմության թանգարան, «Նոր և նորագույն պատմության» բաժնի վարիչ, sedagalstyan@yahoo.com

Նրանք պայմանագիր կնքեցին հավերժության հետ…

 

Արցախը բոլոր ժամանակներում իր  տեղն ու դերն  է ունեցել հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարում: Դարեր շարունակ Արցախն ու Սյունիքը եղել են Արևելյան Հայաստանում ծավալված  ազատագրական շարժումների հիմնական կենտրոնները: «Շուրջ 70 տարի կոմունիստական կուսակցությունը փորձում էր ԽՍՀՄ-ում բնակվող հարյուրից ավել ազգություններին համոզել, թե երկրում ազգային հարցը հաջողությամբ ու վերջնականապես լուծված է» (Մինասյան 2013, 59-60): 1985թ. հետո Խորհրդային Միությունում սկսված ազատագրական  շարժումների ծավալումը գորբաչովյան այսպես կոչված «վերակառուցման» անմիջական հետևանք էր: Իր ազգային արժանապատվությունը, «ոտնահարված իրավունքները» (Բալայան 2011, 263) պաշտպանելու համար առաջինը հանդես եկավ արցախահայությունը, ովքեր չէին հաշտվել պատմական իրենց տարածքները Ադրբեջանին բռնակցելու և Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականության հետ: Նրա պայքարը սահմանադրական ճանապարհով մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ վերամիավորվելն էր: 1988-1994թթ Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունը վերաճեց  հայ- ադրբեջանական՝ 1991-ից լայնամասշտաբ պատերազմի, որի արդյունքում ադրբեջանական իշխանությունները հարկադրված էին Ռուսաստանի միջնորդությամբ և Մինսկի խմբի օգնությամբ 1994թ մայիսին հրադադար խնդրել:   1994թ. մայիսին Մոսկվայում «բանակցություններն ավարտվեցին մայիսի 14-ից զինադադարի հաստատումով» (Բալայան 2011, 275): Սա Արցախյան առաջին պատերազմն էր: «Արցախցու անխորտակ նավը, անցնելով խռովահույզ օվկիանոսը, մաքառելով չարի ու բռնության դեմ, հասել է 21-րդ դարի ալեկոծ նավահանգիստը» (Բալայան 2009, 18): 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմեց զենքի ուժին՝ նախընտրելով այդ ճանապարհով հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը[1]: 2020թ. Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակման անցավ շփման գծի ողջ երկարությամբ:

Իր բնույթին հավատարիմ նա թիրախավորեց խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը,  տարբերություն չդնելով զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախն ուղղված էր բոլորին: Պատերազմում զոհերի թիվը 2022թ ապրիլի 13 -ի դրությամբ ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3 825 է[2]։ «Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը պետք է ամուր ու միանշանակ կանգնի Արցախի ժողովրդի իրավունքների և ընդհանրապես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում»[3]։ «Այս պատերազմը թե՛քաղաքացիական բնակչության և թե՛ զինվորականության կողմից հաճախ բնութագրվում է, որպես անմարդկային քաոս, իսկ երբեմն նաև համեմատվում դժոխքի հետ» (Թադևոսյան 2022, 28): Մեր նպատակն է ներկայացնել 44-օրյա պատերազմում հավերժի ճամփորդներին, նրանց մասին պատմությունները՝ իրենց հերոսություններով, հարազատների նկարագրություններով, կյանքի ու մահվան ընկալումներով, իրենց արձագանքներով, կյանքում իրենց ունեցած երազանքներով, գրառումներով և պատերազմից հետո իրենց պատկերացումների իրագործումով: Հետազոտության ընթացքում  առանձնակի ուշադրություն  ենք դարձրել պատերազմի անմիջական մասնակիցների և նրանց հարազատների դիրքորոշումներին, կարծիքներին: Որպես նյութ օգտագործվել է զոհված հերոս զինվորների մտքերը, խոսքերը, անավարտ երազանքները, նրանց հարազատների բնութագրերը, մարտական օրագրերը, բանավոր պատմությունները, այս ամենը ընդհանրացվել  և կատարվել են թեմատիկ վերլուծություններ: Այս հետազոտությունը փորձ է անմիջական զոհվածի հարազատից, զոհվածի մասին վերջին տեղեկությունները արձանագրելը, կենդանի մնացած ականատես ընկերներից, վերջին դրվագների, կամ երևույթների մասին պատմելը, ինչը նաև նպաստում է կարևոր հետևություններ անել պատերազմի ընթացքի և որոշ դրվագների մասին:  Ներկայացվել են մոտ 200 զոհված զինվորների գործերը: Սակայն կատարվել է թեմատիկ և բովանդակային խմբավորումներ, ներկայացնելով մեկին՝ նմանատիպ արարքները հնչել է այդ անձի անունով:  Հոդվածի համար հետազոտության նյութ է ծառայել ՀՊԹ(Հայաստանի պատմության թանգարան)-ում մեր կողմից կատարված հավաքչական աշխատանքը, հենված թև՛ բանավոր, թև՛ գրավոր պատմությունների վրա: Օգտագործել ենք խորացված հարցազրույցները, նաև ձայնագրություններ:

Արձանագրել ենք  զինվորների մոտեցումները հետևյալ նկատառումներով՝  ա/  համարյա բոլորի մոտ եղել է հեռախոսային վերջին զանգի պահը, կարծես կանխազգալով իրենց մոտալուտ մահը, վերջին անգամ լսել են հարազատի, հատկապես մոր ձայնը: Թաթուլը[4] և նրա նման շատերը զոհվելու օրը զանգել է մորը՝ Գայանեին, ասել՝ «Հոգնած եմ, մի քիչ քնեմ, հետո կզանգեմ», իր հերոսության ներշնչանքի աղբյուրը Ազգային հերոս Մոնթեն էր, որդուն էլ կոչել էր նրա անունով, կանխազգալով մոտալուտ մահը ավելացրել է. «Մոնթեիս լավ կնայեք, եթե զոհվեմ, արարողության ժամանակ թող հնչի կամավորի երգը» (Կրթություն թիւ 48-49, 2020, 2):

Մայր և Հայրենիք . Ուսումնասիրելով նյութերը, արձանագրում ենք, որ շատերի մոտ մոր կերպարը (ում հետ կիսվել են, գաղտնիք վստահել, երազանք պահել) ասոցացվել է հայրենիքի հետ, պահպանելով այն՝ պահպանում են իրենց տունը, մորը, ընտանիքը, հողը, իրենց պապերի պատգամը:  «Մամ ջան կարաս պարծենաս ու հանգիստ քնես, էսօր տղեդ ամբողջ Հայաստանի հեթապահն ա», ասում էր Գևորգը[5] պոստում կանգնած: Իսկ Գևորգ Գևորգյանը, ով 14 տարեկանից ապրում էր  Գերմանիայում և իր սենյակի պատուհանից ծածանում եռագույնը, երազում էր  հայրենիքի մասին։ Պատերազմի լուրն առնելով՝ գալիս է Հայաստան։ Մոր հարցին, թե ում է թողնում իրեն ու գնում, Գևորգն ասել է «Մա՛մ ջան, քեզ թողնում եմ հայրենիքիս, իսկ ես գնում եմ հայրենիքս պաշտպանելու»։ Մորը միշտ հպարտությամբ ասում էր․ «Դու իմ Հայաստան մայր թագուհին ես»։ Պատերազմի առաջին օրերից եղել է Ջրականում (Ջաբրայիլ)։ Կատարել բազմաթիվ առաջադրանքներ[6]։ Արամը[7] մորն ասել էր,, Մամ հայրենիքը էտ էնա,  որ մինչև վերջին շունչդ էլ պետքա կռվես հայրենիքի համար, որ մեր պապերը հանգիստ ննջեն. Մամ ես նենց բան չեմ անի, որ դու ամաչես, Հպարտ կաց, որովհետև դու իմ ամեն ինչն ես, սպասի ծառայեմ, վերջացնեմ գամ հասնեմ քեզ»…  

Թեմայի ուսումնասիրմանը օգնել է նաև որոշ զինվորների մարտական օրագրերը՝ Գարիկի[8], Տիգրանի[9] և ուրիշներ, , «այսօր շատ քիչ են նրանք հրապարակված, չի բացառվում, որ կյանքում դրանք ավելի շատ են և մի քանիսը դեռևս պարուրված են գաղտնիության տարբեր աստիճանի քողով, մի մասն էլ հեղինակների ցանկությամբ պարզապես չեն դարձվում բոլորի սեփականությունը…» (Գրիգորյան, Բաղդասարյան 2018, 21)

Նվիրում և  հավատ հաղթանակի հանդեպ, կիսատ երազանքներ…Այս տղաներն ունեցել են անսպառ հավատ հաղթանակի հանդեպ, անմնացորդ նվիրում: Անմահացել են գիտակցումով: Երբեք տնեցիներին չեն ներկայացրել իրենց անհանգստությունը: ԱԹՍ-ի հարվածներից թաքնված լինելով, տնեցիների զանգերին չպատասխանելուց հետո, երբ խոսել են, ասել են՝ քնած էին, նոր արթնացան, կամ կատակել «կռիվ-կռիվ էինք խաղում»: Հրետանավոր Էդգար Բաղումյանը կրակոցների ձայնը ծիծաղի տակ էր թաքցնում: Նրանց ներկայությունը հայրենիքը զգում է ամեն պահ՝ «Արցախի հերոս» Մարգարյան Ալենը[10], ում մասին պատմում էր մայրը՝ տկն. Նազելին , սիրում էր կրկնել «Աշխարհը պետք է սիրել, ոչ թե նրա վրա բարկանալ», գրում էր, ստեղծագործում  4 տարեկանից, պաշտում էր գիրքը: Սիրում էր կարդալ հեքիաթներ, ինքն էլ ապրում էր այնտեղ՝ապրում ապագայի երազանքներով: Մտածում էր՝ «հանցագործ երեխաներ չկան, ամեն ինչ գալիս է խեղաթյուրված մանկությունից»: Նրա շնորհը մանկավարժությունն էր, ուզում էր գիտությամբ գրավել աշխարհը, կիսատ մնաց նրա երազանքը[11]…, ով կարող էր «Նոր, Վեհ Մարդ կերտել», կրթել ու դաստիարակել: Պատերազմի ժամանակ ընկերոջն ասել էր՝ «Զգում եմ մահվան շունչը» (Ասրյան 2021, 5) : Վազգենի[12] երազանքը գիտությունն էր, գիտնական էր ուզում դառնալ՝անավարտ երազանք: Նրա անունով այսօր հիմնադրամ է բացվել, որի ողջ հասույթը ծառայելու է գիտության զարգացմանը: «Ուներ շրջասույթ. «Հերոս և քաջ է նա, ով 9 անգամ ընկնում է, 10 անգամ բարձրանում»: «Ինքը շատ բարձրացավ, մենք մնացինք ներքևում», – ասում է ուսուցչուհին:  Իսկ մայրը ողբալով  կրկնում էր՝«Հայրենիքին վստահեցի մի պահ, բայց հայրենիքը կորցրեց նրան, եթե լսում է Վազգենը հիմա, ես մի բան կխնդրեմ՝ «եթե կարող ես ներիր»: Ռուբենը[13] աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի շառավիղից էր, ընտրել էր նույն ճանապարհը: Երազում էր դառնալ հայտնի ծրագրավորող և նորույթներ հայտնագործել մարդ-տեխնոլոգիա բնագավառում՝ հայտնվելով Վիկտոր Համբարձումյանի անվան կողքին, շատ էր հպարտանում նրա հետ ազգակցական կապով: Ընդունվեց  համալսարան, գերադասեց  ծառայել, հայրենիքի հանդեպ պարտքը կատարել, հետո  ուսումը շարունակել՝ երազանքը մնաց անկատար: Հովհաննեսը՝[14] ում  վրայից միշտ «ուժեղության հոտ» էր գալիս, մասնակցել է Ջրականում մղվող թեժ մարտերին, տեսակով՝ լուրջ, հասուն մտածող, ասում էր «Պարտադիր չէ քո սխալի վրա սովորես, ուրիշների սխալի վրա էլ պիտի սովորես»: Մինչև վերջ մարտական տրամադրությամբ ոգևորեց իր ընկերներին և ընկավ հերոսի մահով: Ուսուցչուհին էսպես արտահայտվեց՝ «Ու մտածում եմ ավելի լավ է «հերո՞ս» լինել, թե՞ լինել պարզապես մեր կողքին…»:

Մարդ-տեխնոլոգիա. Այս պատերազմը ինչպես խոստովանում են մասնակիցները յուրահատուկ էր նաև մարդ-տեխնոլոգիա առճակատմամբ, որը հաճախ հասել է ծայրահեղ անզորության: Վահեն[15], ով մարտնչելուց բացի կատարել է բժշկի գործ, օգնել իր ընկերներին, կրկնում էր «Սենց կինո ողջ աշխարհը չի կարող նկարել»: Անմիջական մասնակիցներ, ովքեր պատերազմը զգացել են բառիս բուն իմաստով՝ իրենց մարմնի վրա: Արմենը[16], Յուրին[17] և նրա նման տղաները մահվան աչքերի մեջ նայեցին, զոհեցին իրենց երազանքները, նպատակները, ապրած ու չապրած գարունները, որպեսզի մի ողջ ազգ շարունակի ապրել: Վասիլյան Ռաֆայելը[18] փրկեց իր զինվորների կյանքը, հրադադարից մի քանի ժամվա տարբերությամբ խոցելով թշնամու օդային թիրախները: Իր քարտեզագրության բարձր գիտելիքների, արագ կողմնորոշման շնորհիվ կարողացել է Հադրութում շրջափակումից դուրս բերել իր զինվորներին: Մարտունի-2 ում առաջադրանքը փայլուն կատարելուց հետո լսվել է գեներալի կանչը՝ «Արծիվ 40» վերադարձիր, առաքելությունդ կատարեցիր…թշնամու թիրախը ոչնչացված է» , «նա ոչինչ կիսատ չէր թողնում, պատերազմն էլ կիսատ չթողեց», սակայն հերոսը չզգաց իր ուղղությամբ արձակած արկի հարվածը, չկասկածելով, որ ոչ միայն ինքն է որսում, այլ նաև իրեն են որսում, դարձավ հավերժի ճամփորդը…Ինքը սիրում էր կրկնել/Будем жить/(պետք է ապրենք). Այո՛, պետք է շարունակենք ապրել հանուն նրանց պայծառ հիշատակի, Հերոս եղբայրների.. Մարդ Աստծո, տեսնես քեզնից ամուր էլ ինչ կա աշխարհում… Սամվելը [19] առաջնորդ է եղել մարտի դաշտում,  7 անգամ ճանաչվել է լավագույն ավագ  բոլոր դիրքերում: Երազանքը՝ բիզնեսից մինչև երկրի կառավարում, մնաց անավարտ: Կռվել է ամենավտանգավոր գոտիներում, զինակից ընկերներին օգնել պատսպարվել, ինքն ընկել ,,ՍՈՒ,, կործանիչի հարվածից: Պատմության դասերը չսովորող Սամվելը դարձավ պատմության կերտող, դասագրքի հերոս: Նրա մասին դեռ պատմելու են բոլորը, ապագա սերունդները, որոնց համար չխնայեց կյանքը: Սամվելը դիրքում մատուռ էր կառուցել: Նոր սերունդը կազատագրի այն հողը, որտեղ Սամվելի թողած մատուռն էր: Իսկ Դավիթը[20]՝ ով ջութակը փոխարինեց զենքով, նրա համար ասում էին՝  «Մեր Դավիթը Փոքրիկ իշխանի հայի տեսակն էր, ով ամեն օր կարգի էր բերում սեփական մոլորակը», սակայն անզոր գտնվեց տեխնիկայի դեմ: Նորիկը[21], երիտասարդ, ով ժպտում էր նաև տխուր պահերին: Առաջին պրակտիկան անցկացրել է ՀՊԹ-ում:  Մեղրիից բերել են Ջրական/Ջաբրայիլ/: Պատրաստ էր մինչև վերջ պաշտպանել իր հող հայրենին, ցավոք այդ ամենն արեց իր կյանքի գնով: Դպրոցական տարիներից տիրապետել է զենքի վարվեցողության կանոններին, ռազմարվեստի գաղտնիքներին: Բարի, ժպտերես, ազնիվ, հավատարիմ, խելացի, ընկերասեր մեր ՆՈՐՈՆ…    Նրա թևավոր խոսքերից էր՝ «Սովորական արևը հոգին չի ջերմացնում, այս կյանքում ուղղակի բաներ չեն լինում, կարոտը ամեն վայրկյան են առնում» և այլն:

Զինվորների արձագանքը պատերազմի բոթին. Շատ կամավորներ տարբեր պատճառներով ազատված են եղել ծառայությունից, սակայն պատերազմի լուրն առնելով ներկայացել են զինվորական կոմիսարիատներ՝  Արման Օհանջանյանը[22], ով զինկոմիսարիատում լսելով «չես կարող մեկնել» արտահայտությունը, պատասխանել է , «Ես չեմ եկել հարցնելու տանում եք թե ոչ, եկել եմ ասելու՝ գնում եմ»: Հոկտեմբերի 1-ին Ջաբրայիլում էր: Կեսօրին զանգահարել է մորը՝ չանհանգստանաս պոստ ենք գրավել, հեռախոսներս կորցրել ենք, չզանգեք… 13:44-ին նամակ է ուղարկում: «Մամ ինձ հետ ինչ էլ լինի հիշիր, դու  գլուխդ բարձր ես քայլելու: Պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեզ վրա: Սիրում եմ Ձեզ, ինձ կներեք…»: Պատերազմում օրհնած փայտե խաչը կախել է նորածին որդու վզին: (Դա այն պատգամն էր, որ որդին պետք է իրականացներ հոր անավարտ գործը): Ցանկանում էր ռազմական բժիշկ դառնալ, կիսատ մնաց երազանքը..

27 երկրներում բեմեր նվաճած տենորը՝ Գևորգ Հաճյանը[23],  պատերազմի լուրն առնելով , չէր գտնում իր տեղը, ուներ ոտքի խնդիր, կամավոր մեկնեց ճակատ՝ կնոջը խոստանալով մի քանի օրից վերադառնալ: Մեկնեց իր հայրենասիրական երգերով ոգևորելու հայ զինվորին, լինել նրա կողքին դժվարին պահերին, ապահովելու հաղթական մթնոլորտը, Հայրենիքը նրա երգերի մեջ էր, նրա սրտում, սակայն… հիմա ինքն է հայրենի հողի սրտում, հավերժ փարված իրար: Նրանք՝ «Հավերժի ճամփորդները» իրենց պահվածքով ու գործողություններով ոչ միայն իրենց ծնողներին ու հարազատներին ներշնչեցին գլուխները բարձր պահել, այլ մեզ բոլորիս պատգամեցին՝ ներշնչվել իրենց սխրանքներով, ՈԳԻ ԴՆԵԼ/չկոտրվել/, ու շարունակել իրենց անավարտ գործը:

Հերոսականության դրսևորումները. Պատերազմից հետո շատ է խոսվում հերոսականության մասին, համարյա բոլոր մասնակիցներին անվանում են հերոս, սակայն կան այդ հասկացության տարբերակումներ: Հասարակությունը միշտ գտնում է հերոսներ, թեկուզ եթե նրանք դիմադրում են: Հարազատները, իրենց հրամանատարները հաճախ պատմում են դեպքեր, որը բնորոշ է իսկական հերոսին, պետության, ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնողին: Նրանք չխնայեցին ոչինչ, նույնիսկ ամենաթանկը՝ կյանքը: Նրանք հաղթեցին մահին և անմահացան պատմության էջերում՝ պարգևատրվելով հայրենիքին մատուցած ծառայությունների համար տարբեր շքանշաններով ու պարգևներով: «Դուք չեք պարտվել մեր լուսավոր եղբայրներ, դուք հաղթել եք, իսկ հաղթողները չեն մահանում, նրանք անմահանում են, ու իրենց տունը գտնում երկրից երկինք տանող ճանապարհին» (Մարության 2022, 72): Հերոսի մարտական ընկերները, ականատեսները պատմում են, որ քաջարի Գեղամը[24] և նրա ընկերները  զրահատեխնիկայով՝ ԲՄՊ (ՀՄՄ[25]– 1) թշնամուն մեծ կորուստներ են պատճառել: Հոկտեմբերի 7-ի լույս 8- ի գիշերը նկատում են իրենց ընկերների  շրջափակման մեջ ընկնելը, անմիջապես  իրենց դիպուկ հարվածներով փրկում են 19 զիծառայողի կյանք, փոխարենը կորցնելով իրենց սեփական կյանքը: Հոկտեմբերի 8-ը ավարտվեց առանց Գեղամի ….  25 տարի առաջ, առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ նույն վայրում, նույն տարիքում նույն սխրանքով անմահացավ իր անվանակից հորեղբայրը ՝ Գեղամ Պավլենի Ավետիսյանը: Հայոց պատմությունը նոր ԳԵՂԱՄՆԵՐՈՎ կերտվեց….. կարծես պատմությունը կրկնվում է , ճակատագիրը երկուսին էլ ընդամեը 20 գարուն նվիրեց…. Ամեն մշակույթ ունի իր հերոսական պատմությունը: Զինվորներից շատերը դեմ են  արտահայտվում իրենց հերոսականացմանը, նույնիսկ բարդ փորձություններով անցած մարդիկ գտնում են, որ էդպես էլ պետք է լիներ, ըստ նրանց հերոսություն էր , երբ փրկել են ընկերների կյանքեր, որովհետև ամենամեծ կորուստն են դա համարել, նաև դիրքը, հողը թեկուզ և մեկ թիզ ետ բերելը: Հետախույզ Նոյը[26] 8-ամսվա ծառայող էր: Առաջին անգամ ընկել են շրջապատման մեջ, ստեղծել են նահանջի տպավորություն,  հավաքվել են և դժվարությամբ ետ վերադարձել: Երբ նկատել է զինմթերքով մեքենան շրջվել է և ծխում է, որտեղ զինվոր էր մնացել, նետվել է մեքենան, փրկել զինվորին, ով մահացել է ձեռքերի մեջ, երբ ասում էին հերոս, բարկանում էր թե «18 տարեկան երեխան ձեռքերիս մեջ մահացավ, ես ի՞նչ հերոս»: Հաջորդ առաջադրանքի ժամանակ զոհվել է: Հայրը ոստիկան էր, մինչև դպրոց գնալը խնդրել է հայրիկից իր համար ծառայողական գրքույկ պատրաստել, խնդրել է մորը՝ լրացնել այն: Հետո ինքնուրույն լրացրել դպրոցական տարիքում այն, ինչը իրականություն է դարձել հետագայում: Ընտանիքը մահվանից հետո գտել է այդ գրքույկը, որտեղ լրացված է եղել «Նոյ Լյովայի Թևոնյան, կոչումը՝ մայոր, հետախուզության պետ, 2020թվ…:»

Շատերն են ընդունում, որ արդեն պատերազմին մասնակցությունը, նրա թոհուբոհի միջով անցնելը, աչքով այս ամենը տեսնելը՝ հերոսություն է:  Շատ զինվորներ գնացել են հերոսական քայլերի, հրամանատարին վստահելով ՝  «Հրամանատարը զինվորի ամենահուսալի թիկունքն է, սպաների անձնական օրինակը անչափ կարևոր էր: Զինվորը պիտի հենվի հրամանատարին, որ կարողանա խիզախորեն դիմակայել թշնամուն, ծայրահեղ բան պիտի ասեմ՝ պատերազմի դաշտում, զինվորը հայրենիքը սիրելուց առաջ պիտի իր հրամանատարին սիրի….հայ զինվորը ոգու զինվոր է, ոգին բարձր պահիր՝ մենակ կգնա 100 հոգու դեմ ու չի կոտրվի…» (Գրիգորյան, Բաղդասարյան 2018, 511): Դավիթը[27]  արդար, ազնիվ, խիզախ, երդմանը հավատարիմ լավ սպա ու լավ առաջնորդ էր յուրաքանչյուր զինվորի համար: Երբեք չի առաջնորդվել ուսադիրներով, նրան առաջնորդողը՝ մարդկային որակներն էին, մարդասիրությունը  վեր է եղել ամեն ինչից, զուսպ էր ու համեստ, բայց համեստության մեջ քողարկված էր չափից անսահման հայրենիքի սերը… նա գիտեր թե ինչ բան է սահմանի մոտ արթուն գիշեր անցկացնելը, զինվորի հետ սոված մնալը, զինվորի հետ բաց երկնքի տակ լուսացնելը, անձրևի ու քամու հետ կռիվ տալը: Եղել է թե՛ հայր, թե՛ ծնող , թե՛ եղբայր, թե՛ լավ հրամանատար իր զինվորների համար: Երբ կատարած սխրանքների համար ներկայացրել են «Մարտական խաչ»-ի, ասել է՝ «Շնորհակալ եմ  պարոն գեներալ, հրաժարվում եմ այդ արյունոտ Մարտական խաչից, ինձ համար խաչը, թիկունքիս  կանգնած  իմ ամեն մի զինվորն է…Նրանք ինձ ողջ են պետք, ես հերոսություն չեմ արել, ես իմ պարտքն եմ կատարել հայրենիքիս, սուրբ երդմանս հավատարիմ մնալը երբեք  չեմ ակնկալել ոչ մի հերոսական կոչման ու շքանշանի…Սակայն դրա կողքին տեսնում ենք նաև ցավալի դեպքեր, որտեղ հրամանատարն իր «տեղում» չի եղել, և ընկել ենք շրջապատման մեջ, զինվորները չեն վստահել նրանց: Այսօր ականատես ենք  շատ դատերի, որտեղ թողնելով իր զինվորներին հրե ճարակի մեջ՝ փախել են մարտի դաշտից: Մարատը[28], ով տանկային ջոկատի հրամանատար էր, շարժվում էր Նժդեհի պատգամներով, ասում էր սյունեցի լինելը պատիվ է, պարտք Նժդեհի առջև: Զինվորը հարգում և սիրում էր իր հրամանատարին, նրան «Մարատ քեռի» են կոչել, ինքն էլ հպարտանում էր նրանցով, զոհվելուց առաջ կնոջը պատգամել է իր որդիներին՝ 2 առյուծներին լավ պահել…

Նոր պատմություն կերտողները. Հարությունը[29] տնեցիների հետ խոսելիս ասել է «Նոր պատմություն ենք կերտում», չհասցրեց ավարտին՝ առաջնագծում էր, վիրավորվել է մարտում՝ ոչ մի րոպե չլքելով մարտադաշտը, հայտնվել են շրջափակման մեջ, դուրս եկել: Զոհվել է՝ փրկելով կյանքեր: Հրամանատարը խոստովանել է  «հպարտ է, որ Հարութի նման զինվոր է ունեցել»: Անմահացավ՝ մնալով հայոց պատմության էջերում: Կարծում ենք հիմնական ծանրությունը եղել է ժամկետային զինծառայողների վրա, ովքեր բարձր մարտական ոգի են ունեցել`նորօրյա Սասնա ծռեր: Հրետանավոր Հայկը երազում էր՝ «Երանի գա, կայանա «Նոր հայը», լինեինք Նժդեհի ասած էդ սերունդը»: Հայ զինվորը հաղթել է: Նրանք բոլորը մեծ հավատով «Նոր պատմություն էին կերտում», ԴԱ ԱՅՆ ՍԵՐՈՒՆԴՆ ԷՐ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ԷՐ ՆՈՐ ԳՈՒՅՆԵՐ ՄՏՑՆԵԼ ԿՅԱՆՔՈՒՄ, դրանով հաղթահարելով պատերազմի չարիքը: Այս սերունդը իր կյանքի գնով մեզ կյանք շնորհեց: Մի բուռ երկիր, ու անթիվ ցայտաղբյուրներ, բոլորի վրա սիրտ մաշեցնող թվեր՝ «18», «19», «20»:

Պատերազմը վերարժևորեց կյանքի, խաղաղության մասին ընկալումները: Հոդվածում կարևորել ենք պատերազմի նկարագրության բարոյական ընկալումը: Այս պատերազմը կարևորեց, վերարժևորեց կյանքի, խաղաղության մասին ընկալումները: Նաև առաջնային կարևորություն տրվեց հայրենիքը ոչ թե խոսքով, այլ գործով սիրելուն: Գնդացրորդ Գրիգորը[30] իր ձեռքով վերանորոգել էր տունը՝ տեղադրելով պահապան Խաչը՝ ինքնության վերաիմաստաորումը: Ծառայության ընթացքում արժանացավ բազմաթիվ շքանշանների և պատվոգրերի: Ստեղծեց լայն ու հոգեհարազատ շրջապատ և կերտեց հայ զինվորի վեհ կերպարը: Առաջնորդվեց «կռվի՛ր այնպես, որ քո ընթացքով հեշտացնես քեզնից հետո միևնույն նպատակի համար կռվողների գործը»: Փրկեց իր մարտական ընկերներից շատերի կյանքը, քսանօրյա ծանր մարտերից հետո հոկտեմբերի 15-ին  հավերժ զինվորագրվեց իր մարտական ընկերներից շատերի նման… Հայ զինվոր «քո ներկայությունը միշտ զգում է մեր սուրբ հայրենիքը, քո բազկի ուժը միշտ հասու է լինելու նենգ թշնամուն»…Այո՛, պատերազմը ավերում է ամեն ինչ «Պատերազմը հատկապես, երբ հարձակվում են քեզ վրա քանդում է ամեն ինչ: Կազմաքանդում է այն աշխարհը, և նաև կազմաքանդում է այն մարդուն, որն այս կամ այն կերպ անցել է պատերազմի միջով» (Թադևոսյան 2022, 9): Հետո մարդիկ հաճախ են խոստովանում, որ էլ նախկինը չեն, որում մարդն ապրում է, վերարժևորելով ամեն ինչ իր շուրջը:

ՈՄԱ(Ողջ Մնալու Արվեստը) ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր Վարդանով Վովան նշում է, «Մեր բանակը  հին էր, բայց լավն էր, մենք պարտվել ենք թուրքական ժամանակակից բանակին»[31]:

Դավիթի պատգամն էր՝ հայ սպաներ… «Լավ է մեռնել՝ քան թե ապրել մեռնելու համար» : «Հա՜յ սպա, սրիդ վրա գրիր  իմ այս խոսքը, որ նրա ոգով դաստիարակես զինակիցներիդ, քանզի միայն հայրենապաշտ և արիացուցիչ դաստիարակությունն է, որ ուժ պիտի տա քեզ և զինվորիդ հաղթելու մահը»:

Գևորգի կինը՝ Ֆրիտա Ներսես Մկրտիչը գրում է «կայ մեկ իրականութիւն՝ Դուք մեր կողքին չեք և մենք տկար ենք ու անզոր, ուժ տուէք մեզի Ձեր այդ ուժէն որ գացիք մարտի դաշտ՝ յանուն յաղթանակի յանուն պաշտպանութեան, յանուն լոյսի ու խաղաղութեան»[32]: Ժամանակները կանցնեն, բայց մենք չենք հաշտվի վաղվա խաղաղ օրվա համար հավերժի ուղին բռնելու Ձեր տղամարդկային որոշման հետ: Տվեցիք կյանքեր հանուն՝… Հավատարիմ մնացիք Ձեր նշանաբանին՝ «Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ»

Եզրակացություն

Ուսումնասիրելով 44-օրյա պատերազմում զոհվածների գործերը, նրանց պատմությունները, հանգեցինք հետևյալին՝ ընդունելով մեր հերոսների մոտեցումները պատերազմին, նրանց բնութագրումները, կիսատ, անավարտ մնացած երազանքները, կատարվեցին հետևյալ նկատառումները՝

ա/ համարյա բոլորի մոտ եղել է հեռախոսային վերջին զանգը..

բ/ հիմնականում մոր կերպարը ասոցացվել է հայրենիքի՝ Մայր Հայաստանի հետ,

գ/ զոհելով իրենց կյանքը, փրկել են այլ կյանքեր,

դ/ փորձեցին կերտել նոր պատմություն իրենց չհանձնվող տեսակով,

ե/ վերարժևորվեց կյանքի, խաղաղության ընկալումները,

զ/ առաջնային կարևորություն տրվեց հայրենիքը ոչ թե խոսքով, այլ գործով սիրելուն..

է/ իրենց օրինակով ստեղծեցին Նոր, Վեհանձն զինվորի կերպարը..

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՊԹ (Հայաստանի պատմության թանգարան), Նգպֆ (նորագույն պատմության ֆոնդ) գ/գ 19824, բ/մ 6239-6240, գ/գ 19825, բ/մ6242, գ/գ 19826, բ/մ6249-6251, գ/գ 19827, բ/մ6252-6253, գ/գ 19828, բ/մ6254-6258,

ՄԻՆԱՍՅԱՆ 2013-Մինասյան Է., Հայաստանի երրորդ հանրապետության պատմություն, ԵՊՀ հրատ. Երևան, 2013

ԲԱԼԱՅԱՆ 2011 – Բալայան Վ., Արցախի պատմություն, հնադարից մինչև մեր օրերը, Երևան, 2011

ԲԱԼԱՅԱՆ 2009- Բալայան Վ., Լեռնային Ղարաբաղ, պատմական անցյալն ու ներկան, Երևան, 2009

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ 2022-Թադևոսյան Ա., Պատերազմը մասնակիցների պատմություններում.մարդաբանական հետազոտություն, Երևան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, 2022

ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ 2018- Գրիգորյան Ա., Բաղդասարյան Բ, Հայրենիքին նվիրված ծառայելու պատրաստակամությամբ, Երևան, «Ոսկան Երևանցի» 2018

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ-«Կրթություն», շաբաթաթերթ, թիվ 48-49, Երևան, 02.12. 2020

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, թերթ, Երևան, 12 մայիս 2021

КИЗИРАНЦ 2022-Кизиранц Г.,  Небесный солдат, Ереван, 2022

ՓԱՇԻՆՅԱՆ  2020-Փաշինյան Ն., ՀՀ վարչապետ, ԱԺ 2020 սեպտեմբերի 27, https://ampop.am/speech-by-prime-minister-nikol-pashinyan-at-national-assembly-september-27/

https://www.youtube.com/watch?v=1k2kvWkgiZk  {դիտվել է 10.06.2023}

 

[1] Դեռևս անցած դարի 20-ական թթ սկզբներին, խորհրդային իշխանության ջանքերով Արցախի լեռնային մասը, առանց նրա հիմնական բնակչության՝ հայության կամքը հաշվի առնելու, կուսակցության կովկասյան բյուրոյի 1921թ հուլիսի 5-ի անօրինական որոշմամբ բռնակցվել էր Խորհրդային Ադրբեջանին: Դրանից հետո Ադրբեջանի խորհրդային իշխանությունները ծրագրված աշխատանքներ էին սկսել Արցախը հայաթափելու համար: Լեռնային Արցախի բնակչությունը շուրջ 70 տարի պայքարել էր ադրբեջանական իշխանությունների հակահայ քաղաքականության դեմ: Արցախն այդ երկարատև ու դաժան գոյամարտի տարիներին շատ անմեղ զոհեր է տվել, բայց կնճիռը մնացել էր անլուծելի:

[2] https://www.azatutyun.am/a/31801316.html

[3] Փաշինյան Ն., ՀՀ վարչապետ, ԱԺ 2020 սեպտեմբերի 27,  https://ampop.am/speech-by-prime-minister-nikol-pashinyan-at-national-assembly-september-27/ , մուտք՝10.06.2023

[4] Հակոբյան Թաթուլ, հետախույզ, հատուկ ջոկատային, ապրիլյանի կամավոր, զոհվել է 2020 հոկտ.19-ին՝ ԱԹՍ-ի հարվածից, ՀՊԹ, Նգպֆ

[5] Կիրակոսյան Գևորգ, Մատաղիսի ԿԱԴ/կրակային աջակցման դասակ/-ի հրամանատար,համոզված էր, որ հայրենիքի դարպասը՝ սահմանն է, զոհված Մատաղիսում 2020 հոկտեմբերի 11,ՀՊԹ, Նգպֆ

[6] Գևորգյան Գևորգ, Ջրականում խոցել է 15 տանկ, 10 անօդաչու սարք, զոհված ընկերոջը չթողնելով մարտի դաշտում, զոհվել է ԱԹՍ-ի հարվածից, 2020 հոկտեմբերի 10, ՀՊԹ , ՆԳՊՖ

[7] Մկրտչյան Արամ, ըմբշամարտիկ, սիրահարվեց զինվորական գործին, երազանքն էր շարունակել ռազմական գործը, սիրում էր հայոց պատմությունը, զոհված Մարտակերտում, 2020 սեպտեմբերի 2 , ՀՊԹ, Նգպֆ

[8] Գարիկ Կիզիրանց-Հորաթաղի դիվիզիոնի, 3-րդ դասակի հրամանատար, զոհվ. Նոյեմբերի 8-ին՝ Գիշիում, ունի մարտական օրագիր, ինչից կատարվել են մեջբերումներ՝«Գար դու առաջ մեզ հետ էիր մի քանի ժամ, հիմա՝ ամեն ժամը…Օրագիրը վերնագրված է՝ «Небесный солдат»

[9] Տիգրան Գալստյան,սերժանտ, ականանետային հաշվարկի հրամանատար,խոցել է 3 տանկ, զոհվել է 2020 հոկտեմբերի 31, Մարտունի-2,ՀՊԹ, Նգպֆ

[10] Մարգարյան Ալեն, ռեժիսոր, մեդիա ոլորտի ուսանող, Թումոյում ֆիլմերի ստեղծման դասընթացավար, ընդունվել էր Բոստոնի համալսարան, զոհվել է Մատաղիսում՝ 2020 սեպտեմբերի 30: Արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը, ՀՊԹ, Նգպֆ

[11] Երազանքն իրականություն է դարձել մայրիկի՝ Նազելի Տերտերյանի շնորհիվ, բացելով Ալենի երազած դպրոցը 2022թ․ամառային, հետագայում ավելի մեծ մասշտաբի․․․

[12] Վազգեն Գալստյան, ընդունվել էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, ապագա գիտնական՝ ֆիզիկոս, զոհվել է 2020.02.10: Նրա անունով բացվել է կրթական հիմնադրամ, որի հասույթը ծառայելու է գիտությանը, ՀՊԹ, ՆԳՊՖ

[13] Համբարձումյան Ռուբեն, կառավարման դասակի հրամանատար, զոհվել է ավիառումբի պայթյունից, 2020. 11. 22 Մարտունիում, ՀՊԹ, Նգպֆ

[14] Գաբրիելյան Հովհաննես, մասնակցել է 2016-ի քառօրյա պատերազմին, զոհվել Ջրականում՝2020 հոկտեմբերի 18, ՀՊԹ, Նգպֆ

[15] Վահե Ասատրյան, երազում էր բժիշկ դառնալ, զոհվել է Շուշիում, 2020 նոյեմբերի 11,ՀՊԹ,Նգպֆ

[16] Գալստյան Արմեն, ծառայել է Ջրականում, զոհվել է Մարտունի-2-ում հրազենային ծանր հարվածից, 2020 . 02.11, մարտական ընկերոջը օգնելիս: «Արմեն, կարոտը քո անունն ունի, ուրախությունը՝ նույնպես, ցավն էլ..»

[17] Աղասարյան Յուրի, նախկին չեխովականը խոցել է թշնամուԴ-30, կամազ իր հրետանիով, երբ պատերազմի ժամանակ մտքերի մեջ հարցրել են «ընտանիքիդ մասին ես մտածում,- ասել է ո՛չ մարտական ընկերներիս…զոհվել է Մարտունի 2-ում, 2020 հոկտեմբերի 27-ին, ռումբի հարվածից,ՀՊԹ, Նգպֆ

[18] Վասիլյան Ռաֆայել Հովհաննեսի, մայոր, Հակաօդային պաշտպանության պետ/ՀՕՊ/, զոհվել է Մարտունի-2,  2020 նոյեմբերի 9

[19] Անտոնյան Սամվել,ծառայել է Հադրութում, դիրքի ավագ,մականունը «Սատանա»,մինչ օրս ընկերները պատրաստում են նրա բաղադրատոմսով սուրճը՝մուրաբա, սուրճ, խտացրած կաթ, զոհվեց 2020  հոկտեմբերի 9, ՀՊԹ,ՆԳՊՖ № 6249

[20] Դավիթ Դավթյան, զոհված Ջաբրայիլում ՝հոկտեմբերին, 50 ընկերների հետ համարվել են անհետ կորած,գտնելով աճյունը ամփոփվել է Եռաբլուրում, ՀՊԹ, ՆԳՊՖ

[21] Գասպարյան Նորիկ, դիպուկահար, հրաձիգ, զոհվել է հոկտեմբերի 10-ին Ջաբրայիլում, ՀՊԹ, Նգպֆ, № 6241

[22] Արման Օհանջանյան, կամավոր, ավարտել է Հայբուսակ համալսարանը, 2020-ի մարտին ծնվել է որդին, զոհվել է Իշխանաձորում՝ 2020 հոկտեմբերի 21 հայկական համազգեստով ադրբեջանցիների կրակոցից, ՀՊԹ, Նգպֆ

[23] Հաճյան Գևորգ, օպերային երգիչ, տենոր, մենահամերգներ 27-ից ավել երկրներում, ունի 5 ալբոմ, զոհվեց 2020 հոկտեմբեր 6 Վարանգաթաղում՝ Մատաղիս, ՀՊԹ, Նգպֆ

[24] Ավետիսյան Գեղամ, զոհվել է 2020 հոկտեմբերի  8, ՀՊԹ, ՆԳՊՖ

[25] ՀՄՄ-1, հետևակի մարտական մեքենա

[26] Թևոնյան Նոյ, հետախույզ, մականունը՝ «Ռազվետկի պոնչ», ՌԴ-ից եկել է Հայաստան՝ ծառայելու հայրենիքին, զոհված Մատաղիսում, 2020 հոկտ.9, ՀՊԹ, Նգպֆ

[27] Նազարյան Դավիթ, 18 տարի ծառայել է ՀՀ Զինված ուժերում, նախընտրում էր լեռնային կյանքը, ոչ օֆիսայինը՝ «Ես առանց ինքնաթիռ օդաչու եմ», մեծ ներդրում է ունեցել բանակաշինության մեջ, 2018-ին ստացել է մայորի կոչում, զոհվել է Հադրութում 2020.18.10:,ՀՊԹ, ՆԳՊՖ

[28] Խաչատրյան Մարատ, պահեստազորային սպա, լեյտենանտ, ապրիլյան պատերազմի մասնակից, Ջրականում 30 հոգանոց տանկային դասակի հրամանատար, զոհվել է անօդաչուի հարվածից՝ 2020 հոկտեմբերի 5-ին, ՀՊԹ,Նգպֆ

[29] Նիկոլյան Հարություն ,ՀՊՄՀ-ի պատմության ֆակուլտետի ուսանող, զոհվեց 2020-ի նոյ.3-ին Կարմիր Շուկայում, ՀՊԹ, Նգպֆ, № 6252

[30] Դավթյան Գրիգոր,ՀՊԹ, Նորագույն պատմության ֆոնդ,/ՆԳՊՖ/

[31] https://www.youtube.com/watch?v=1k2kvWkgiZk մուտք 11.12.2022

[32] Որդուս հկ/Vordus NGO/, Ֆրիտա Ներսես Մկրտիչ, https://www.facebook.com/vordusngo ,հասանելի է 02.06.23

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ