Հավերժի ճամփորդները՝ Գեղամ Ավետիսյան
Գեղամ Ալբերտի Ավետիսյան
( 01.07.2000 – 08.10.2020 )
Գեղամ Ալբերտի Ավետիսյան (2000 թ․ հուլիսի 1, Գեղարքունիքի մարզ, գ․ Կարճաղբյուր – 2020 թ․ հոկտեմբերի 8)
2007-2019 թթ․ սովորել է Կարճաղբյուրի Արա Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում: Սիրում էր զբաղվել սպորտով, գերազանց խաղում էր շախմատ: 2019 թ․ ընդունվում է ՃՇՀԱՀ-ի կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետ: 2019 թ․ հուլիսին Գեղամը զորակոչվել է հայոց բանակ՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու: Ունենալով հարուստ գիտելիքներ, նա վայելում էր իր ծառայակից ընկերների և հրամանատարական կազմի մեծ հարգանքը, սերն ու վստահությունը: 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին իր մասնակցությունն ունեցավ նաև Գեղամը։ Գեղամի մարտական ընկերները պատմում են, որ նա իր զրահատեխնիկայով՝ ԲՄՊ-1-ով կռվում է թուրք բորենիների դեմ՝ պատճառելով նրանց մարդկային և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: Հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը հերոս Գեղամը և իր զինակից ընկերները նկատում են իրենց ընկերների՝ 19 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելը, անմիջապես գրոհի են նետվում և իրենց դիպուկ հարվածներով փրկում 19 զինծառայողի կյանք, փոխարենը կորցնելով սեփականը: 2020 թ․ հոկտեմբերի 8-ին Գեղամն ընկավ հերոսի մահով։