Հավերժի ճամփորդները՝ Արմեն Մինասյան
Արմեն Սմբատի Մինասյան
( 06.07.2001 – 30.10.2020 )
Արմեն Սմբատի Մինասյան (2001 թ. հուլիսի 6, Գեղարքունիքի մարզ, գ. Վարդենիկ – 2020 թ. հոկտեմբերի 30, Մարտունի, Քերթ գյուղ):
Ընկերասեր էր, աշխատասեր, նախաձեռնող, որևէ մեկին նեղություն չէր տալիս: Բանակ գնալու առթիվ շատ էր ուրախացել, զորակոչվել է հունվարի 7-ին՝ Մեխակավան (Ջաբրայիլ): Ծառայության ընթացքում աչքի է ընկել արիությամբ: Հաճախակի զանգահարել է ծնողներին, վերջին զանգը ստացել են հոկտեմբերի 19-ին: Արմենին ճանաչողները կփաստեն, որ մարդ էր մեծատառով: Բարի ու համբերատար սաստող հայացքով, յուրաքանչյուր խոսքով սովորեցնում էր հարգանք: Դասարանի ամենասրտացավ, ամենաընկերասեր ու բոլորի նեղությունն իր վրա վերցնողը: Դասարանի վերջին էքսկուրսիան կազմակերպել էր ինքը` ասելով. «Վերջին տարին է, ինչ իմանանք տարիներ անց ով որտեղ կլինի, ավելի լավ է գնանք ու մի լավ ուրախանանք»: Արմենը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին Քերթ գյուղում` գլխի, իրանի, վերջույթների հատվածների վիրավորումից: