Հավերժի ճամփորդները՝ Տիգրան Շահբարյան
Տիգրան Տոնականի Շահբարյան
( 11.06.2001 – 11.10.2020 )
Տիգրան Տոնականի Շահբարյան, կրտսեր սերժանտ (2001 թ. հունիսի 11, Արցախի Մարտունու շրջանի ք. Ճարտար – 2020 թ. հոկտեմբերի 11, Հադրութ):
1 տարեկան հասակում ընտանիքով տեղափոխվում են Երևան: Սովորել է Ավանի թիվ 104 դպրոցում, ապա Երևանի պետական հենակետային քոլեջում, ատամնատեխնիկի մասնագիտությամբ: Ավարտել է կարմիր դիպլոմով: Մասնակցել է տարբեր խմբակների, սպորտի: Ընկերասեր , համեստ, բարձր ընդունակություններով օժտված Մարդ: Ուսմանը զուգահեռ Տիգրանը հաճախել է ԹՈՒՄՈ կենտրոն: 2016 թ. Տիգրանը կազմում է ապագայի իր ծրագիրը, այն է․ կարդալ գրքեր՝ բիզնես, հոգեբանություն թեմաներով: Պարապել ֆրանսերեն, երազանքն էր մեկնել Ֆրանսիա: Գրում էր աքրոստիկոսներ հայրենիքին նվիրված: Գերազանց տիրապետում էր անգլերեն, ռուսերեն լեզուներին: Տիգրանի երազանքները բազմաբովանդակ ու շատ էին, բայց բոլորը ծառայությունից հետո: Ուզում էր բժիշկ դառնար: 2019 թ. հուլիսին Տիգրանը զորակոչվում է բանակ: Տիգրանի համար կարևոր էր ծառայությունն անցնի Արցախում: Ծառայում էր Մարտունի-3 զորամասում, 3 ամիս անց ստանում է կրտսեր սերժանտի կոչում ու շարունակում ծառայությունը, որպես վաշտի բուժակ: Հարթ ու խաղաղ ծառայեց մինչև պատերազմը: Նրա մասին միշտ գովեստով են խոսել, շատ էր կարդում: Պատերազմի առաջին օրերին Տիգրանենց վաշտը, չլինելով հատուկ նշանակության, մասնակցում է դիվերսիոն գործողությունների ու առանց զոհերի գրավում կարևոր դիրքեր: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալով: Հոկտեմբերի 10-ին ստացել են հատուկ առաջադրանք և ամբողջ վաշտով մեկնել Հադրութ, որը արդեն գտնվում էր թշնամու վերահսկողության տակ: Ճանապարհին հանդիպելով թշնամու մեծաքանակ զորքին, ունենում են 2 տարբերակ՝ կա՛մ գերի հանձնվել, կա՛մ կռվել մինչև վերջ: Տիգրանի մարմինը գտնվել է 2 ամիս անց: Հետմահու Տիգրան Շահբարյանը արժանացել է «Արիության» մեդալի: