Հավերժի ճամփորդները՝ Մարատ Մանուկյան
Մարատ Կարենի Մանուկյան
( 13.09.2001 – 12.10.2020 )
Մարատ Կարենի Մանուկյան ավագ հետախույզ (2001 թ. սեպտեմբերի 13, Երևան – 2020 թ. հոկտեմբերի 12, Ջրական):
5 տարեկանից հաճախել է «Էրուդիտ» քոլեջ: Սովորել է Երևանի N 35 դպրոցում (Գոգոլի անվան), ապա ուսումը շարունակել՝ որպես խոհարար: Մանկուց զբաղվել է լողով, հաճախել պարի, նվագում էր ու նկարում, սիրում էր ամեն ինչով զբաղվել, ուներ մեքենաների մեծ հավաքածու, հետաքրքրասեր էր: 2020 թ. հունվարի 9-ին զորակոչվել է ՀՀ բանակ: Ծառայել է ՀՀ ՊՆ Խնձորեսկի զորամասում: 2 ամիս անց վաշտի հրամանատարի հրամանով անցել է ծառայության` որպես ավագ հետախույզ: Աչքի է ընկել իր խելացիությամբ և սպորտային կեցվածքով (որոշել էր հայրենիքին պարտքը կատարելուց հետո վերադառնալուն պես ընդունվել «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ», շատ էր սիրում սպորտը, զբաղվում էր բոդիբիլդինգով), ինչն էլ իր հերթին նպաստել է հետախուզությամբ զբաղվելուն: Մարատը պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է Հադրութի և Ջաբրայիլի թեժ մարտերին: 3 անգամ շրջափակման մեջ են ընկել, մահու կռիվ տալով դուրս եկել շրջափակումից : Հերթական ռազմական հետախուզական գործողության ժամանակ զոհվել է հերոսաբար՝ արկի բեկորային վնասվածքից՝ հոկտեմբերի 12-ին Ջաբրայիլում, ջոկատի հրամանատարական կազմին օգնություն ցուցաբերելիս: Մարատը շատ երազանքներ ուներ: Երազում էր ավտոմեքենա ունենալ, որ autodrive-ի մասնակցեր: Երազում էր համալսարանն ավարտել ու մարզիչ դառնալ: Երազում էր սեփական բիզնես ունենալու մասին: Երազում էր ճանապարհորդելու մասին… մնացին անկատար: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: