Հավերժի ճամփորդները՝ Ռազմիկ Մախմուրյան
Ռազմիկ Արսենի Մախմուրյան
( 16.05.2002 – 09.11.2020 )
Ռազմիկ Արսենի Մախմուրյան (2002 թ. մայիսի 16, Արարատի մարզ, գ. Լանջազատ – 2020 թ. նոյեմբերի 9, գ. Դավիթ Բեկ):
Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Բնույթով անսահման համբերատար ու զուսպ: 2020 թ. օգոստոսի 10-ին բանակ է զորակոչվել և ծառայել Վայքի զորամասում: Պատերազմը սկսվելուն պես տեղափոխել են Ջաբրայիլ: Լինելով վարորդ` իր «Ուրալ»-ով այն աստիճան հմուտ մանևրելով է զենք մատակարարել ռազմաճակատ, որ նույնիսկ ամենափորձառու վարորդներն էին դժվարությամբ կարողանում: Պատմում են, որ պատահել է գիշերով, առանց մեքենայի լույսերը միացնելու` իրեն անծանոթ ճանապարհներով զենք է հասցրել դիրքեր՝ թշնամու անօդաչուների թիրախում չհայտնվելու համար: Հաջողությամբ կարողացել է խոցել թշնամու հրետանու շարասյունը, առաջին հարվածից ոչնչացրել թշնամու մեկ ՏՕՍ համակարգ: Մի ամբողջ գիշեր ընկերների հետ հաց է թխել, որ տղերքը սոված չմնան: Եղել է Ջաբրայիլի թեժ մարտերում, այնուհետև Գորիսում, ապա ՝ Կապանում: 2020 թ. նոյեմբերի 9-ին Դավիթ Բեկ գյուղում հրադադարից երկու ժամ առաջ զոհվել է արկի բեկորից: Ռազմիկի հետ կամավոր մեկնել է ճակատ նաև հայրը: Մեծ այգի էր նվիրել պապը, Ռազմիկը ծառայությունից վերադառնալով պիտի այգու բերքը մեծ մեքենաներով տեղափոխեր…