Հավերժի ճամփորդները՝ Գոռ Թումանյան
Գոռ Սեյրանի Թումանյան
( 28.08.2000 – 23.10.2020 )
Գոռ Սեյրանի Թումանյան (2000 թ. օգոստոսի 28, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ – 2020 թ. հոկտեմբեր 23, Արցախ,Վարանդա (Ֆիզուլի)
Հայ–ադրբեջանական 44-օրյա պատերազմի մասնակից: Դպրոցում սովորելուն զուգահեռ ստացել է երաժշտական կրթություն, առաջին ուսուցչուհին եղել է մայրը, ընդունվել է կոնսերվատորիայի ակադեմիական վոկալի բաժին: 2019 թ. զորակոչվել է Հայկական բանակ: Գոռն աչքի էր ընկնում ու փայլում ամեն բնագավառում: Արժանացել է Աշտարակի պատվավոր քաղաքացի, Բարսելոնայի պատվավոր քաղաքացի կոչումներին , միջազգային մրցույթ-փառատոններում արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում «Տենոր» համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած մրցույթում` 1-ին տեղ, «Հարմոնիա» միջազգային երաժշտական փառատոնում` «Գրան պրի» մրցանակի: Զինվորները նրան կոչում էին Մարզիկ Գոռ, Երգիչ Գոռ, Շինարար Գոռ: Առաջնագծում ամրաշինական աշխատանքների համար անձամբ Ջալալ Հարությունյանն է խրախուսել Գոռին: Հրամանատարներն ասում էին. «Ամենքս պետք է խրախուսենք Գոռին, նա լուրջ զինվոր է»: Գոռը երկու մեծ երազանք ուներ՝ երգել Իտալիայի Լա Սկալա թատրոնում, ի դեպ` հրավերը արդեն ստացել էր, գլխավոր շտաբը թույլ էր տվել, որ գնա, բայց Գոռը որոշել էր ծառայությունն ավարտի, նոր մեկնի երազանքի հետևից, երկրորդ երազանքն էր բացել երաժշտական դպրոց, որի տնօրեն դարձնելու էր մայրիկին…Այսօր հայրը՝ Սեյրան Թումանյանը փորձում է ի կատար ածել որդու կիսատ մնացած երկրորդ երազանքը, Աշտարակի կենտրոնում կառուցվում է մշակութային կենտրոն ՝ նվիրված Գոռ Թումանյանի հիշատակին, որի տնօրեն դառնալու է մայրը՝ Մարինե Մնոյանը: Այստեղ կբացվի նաև Գոռին նվիրված թանգարանը: Գոռ Թումանյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 23-ին Վարանդայում մարտական թեժ գործողությունների ժամանակ` կամավորական հոր ՝ Սեյրան Թումանյանի աչքի առջև: Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար», «Մարտական ծառայություն» մեդալներով և «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: