Հավերժի ճամփորդները՝ Էդուարդ Չիչյան
Էդուարդ Արմանի Չիչյան
( 22.06.2001 – 10.10.2020 )
Էդուարդ Արմանի Չիչյան կրտսեր սերժանտ, հրամանատար (2001 թ. հունիսի 22 – 2020 թ. հոկտեմբերի 10, Ջաբրայիլ):
2006-2014 թթ. Էդուարդը սովորել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Էդուարդը երազկոտ էր և ուզում էր դառնալ հաջողակ գործարար: Հավատում էր երազանքի իրականացմանը: Դա էր պատճառը որ ընտրեց կառավարում մասնագիտությունը և ավագ դպրոցի տարիները սովորեց Հայ-ռուսական համալսարանին կից «ՈՒսմունք » դպրոցում ՝ հետագա մասնագիտությունը նույն համալսարանում ձեռք բերելու նպատակով: Սիրում էր մարզվել, հաճախում էր մարզասրահ: 2017 թ. Էդուարդը «Կրթություն Պրահայում» ծրագրի շրջանակներում Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում, ապա նաև Աբու-Դաբիում մասնակցեց անգլերենի կատարելագործման ծրագրերի և ստացավ հավաստագրեր: Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվեց Հայ-ռուսական համալսարանի «Կառավարում» ֆակուլտետը: Դրան հաջորդեց պարտադիր զորակոչը: Առաջին վեց ամիսը ծառայում էր ՀՀ ՊՆ Լուսակերտի ուսումնական զորամասում, որտեղ սովորեց և գերազանց տիրապետում էր ԲՄ-21 Գրադ տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգին: Ուսումնական զորամասում ծառայությունն ավարտելուց հետո Էդուարդը ծառայության անցավ ՀՀ ՊՆ Կապանի զորամասում: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Էդուարդը գտնվում էր Արցախի հարավում՝ Մեխակավանում (Ջաբրայիլ), որտեղ մասնակցում էր հերթական զինավարժություններին: Մշտապես գտնվելով պատերազմի ամենաթեժ և վտանգավոր կետերում՝ կրակային դիրքերում, հակառակորդի օդային և հրետանային հարվածների տակ, վտանգելով կյանքը, անընդհատ կատարել է իր վրա դրված առաջադրանքները և հրետանային հուժկու կրակով հակառակորդին պատճառել զգալի կորուստներ՝ ձախողելով տվյալ բնագծերում նրա առաջխաղացումը: Նրա ղեկավարած հաշվարկը բարձր մակարդակով կատարել է մարտական խնդիրը՝ ցուցաբերելով խիզախության յուրօրինակ դրվագներ: 2020թ հոկտեմբերի 10-ին Շախվելիի շրջանում հակառակորդի կողմից կրակային դիրքի հրետակոծման ժամանակ արկի բեկորները խլեցին նրա կյանքը՝ հասցնելով մահացու վիրավորում:
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Էդո ջան, ի՞նչ վիճակա։
– Կռվում ենք, մա՛մ։
– …
– Մա՞մ, մա՛մ ջան, մի՛ լացի, դու չպիտի լացես։ Դու պիտի հպարտանաս, որ դու կռված տղա ունես: Մի մեքենա դրանց վրա դատարկել եմ ու հլը շատ եմ դատարկելու:
30-ը սեպտեմբերի.
– Մա՛մ ջան, «ստեղ սաղ տոչնիա». սնունդ կա, զենք կա։ Հեսա, որ վերջանա, գալու եմ տուն: Կարոտել եմ: Էնքա՜ն պատմելու բան ունեմ։ Հիմա չեմ կարա, կգամ, կպատմեմ:
2-ը հոկտեմբերի.
– Մա՛մս, ծնունդդ շնորհավոր, առողջ լինես, միշտ`ուրախ ու տենց պինդ։ Կներես` երկար չեմ կարա խոսամ։ Կզանգեմ`հենց հարմարացնեմ։