Հավերժի ճամփորդները՝ Արմեն Ներսեսյան
Արմեն Յուրիի Ներսեսյան
( 12.04.1975 – 02.11.2020 )
Արմեն Յուրիի Ներսեսյան օդաչու, գնդապետ (1975 թ. ապրիլի 12, Շահումյանի շրջան – 2020 թ. նոյեմբերի 2, Կապան):
Դպրոցն ավարտելուց հետո մեկնում է ՌԴ և սովորում Կրասնոդարի ավիացիոն բարձրագույն ուսումնարանում: 1996 թ. վերադառնում է Հայաստան և որպես օդաչու ծառայության անցնում Գյումրիում տեղակայված ռազմաբազայում: Նա Հայաստանի 3-րդ հանրապետության առաջին օդաչուներից էր: 2002-2004 թթ. սովորում է ՌԴ Յու. Գագարինի անվան ակադեմիայում: 2012 թ. նշանակվում է նույն զորամասի հրամանատար և նույն թվականին ստանում գնդապետի կոչում: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Մարտական ծառայություն», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ աստիճանների, «ՀԱՊԿ 15 տարի» մեդալներով և այլ պարգևներով: Արմենը առաջին կարգի օդաչու էր, եզակի մարդկանցից, ով տիրապետել է ՍՈւ-30 բազմաֆունկցիոնալ կործանիչին: Արցախյան 2-րդ պատերազմի օրերին Արմեն Ներսեսյանը ունեցավ իր վճռորոշ դերը: Նոյեմբերի 2-ին նրա ինքնաթիռը բարձրացավ օդ՝ կատարելու առաջադրանքը: Տալով հսկայական վնաս բարձունքում գտնվող թշնամուն, ով կրակի տակ էր պահում ներքևում գտնվող հայ զինվորներին, նա փորձում է վերադառնալ, սակայն հակառակորդի կողմից ծանր հրետանային համակարգից արձակված կրակը խոցում է ինքնաթիռը: Հարազատ մնաց իր մտքերին՝ «Օդաչուն պետք է մտածի առաջադրանքը կատարելու մասին և ոչ թե վերադառնալու»…