Հավերժի ճամփորդները՝ Հրայր Եգանյան
Հրայր Արմենի Եգանյան
( 25.03.1990 – 20.10.2020 )
Հրայր Արմենի Եգանյան, կամավոր (1990 թ. մարտի 25, Երևան – 2020 թ․ հոկտեմբերի 20, Ջրական):
Սովորել է Վ. Տերյանի անվան միջնակարգ դպրոցում: Հաճախել է Սպայի տան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Սովորել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանում, ապա Լ. Շանթի անվան միջնակարգ դպրոցում: Զուգահեռ հաճախել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ: Շատ էր սիրում ֆուտբոլը: 2006-2010 թթ. ուսանել և ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետը (բակալավրի աստիճան): 2009 թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության ստաժոր: 2010-2012 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Գորիսում: Սովորել է Հաշվապահական ուսուցման միջազգային կենտրոնում ՝ ստացել հավաստագիր: 2014 թ. մայիսից ՄԱՉԾ շրջանակում աշխատանքային պրակտիկա է անցել «Գուդկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում` որպես վարկային մասնագետ: 2014 թ. հոկտեմբերից աշխատել է «Արեգակ» ՈՒՎԿ-ում` որպես ավագ վարկային մասնագետ: 2018 թ. ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը՝ ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ մասնագիտությամբ (մագիստրոսի աստիճան): Մասնակցել է «ԲԻ ԷՍ ՍԻ» բիզնեսի աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված «Սպասարկող անձնակազմի հմտություններ» դասընթացներին՝ ստացել հավաստագիր: 2019 թ. օգոստոսից աշխատել է Յունիբանկում: 2020 թ. սեպտեմբերի 30-ին կամավորագրվել է, հոկտեմբերի 1-ին մեկնել Արարատ, իսկ հոկտեմբերի 15-ին, գիտակցելով չվերադառնալու վտանգը, ստորագրել և մեկնել է Ջրական: 2020 թ. հոկտեմբերի 18-ին եղել է վերջին հեռախոսազանգը, զոհվել է հոկտեմբերի 20-ին: Ստացել էր բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկ՝ բանկի մասնաճյուղի կառավարչի տեղակալ` կարճ ժամանակ անց մասնաճյուղի կառավարչի պաշտոնը զբաղեցնելու պայմանով: Անդրդվելի էր իր որոշման մեջ, պետք է մեկներ ռազմաճակատ: Երազանքն էր` տուն գնել Շուշիում: 2021 թ. ապրիլի 26-ին ծնվել է նրա ժառանգը ՝ Եգանյան Նարեկը: Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով