Հավերժի ճամփորդները՝ Խաչատուր Պետրոսյան
Խաչատուր Սերգեյի Պետրոսյան
( 04.10.2001 – 18.10.2020 )
Խաչատուր Սերգեյի Պետրոսյան (2001 թ. հոկտեմբերի 4, գ. Այգուտ – 2020 թ. հոկտեմբերի 18, Ջաբրայիլ):
Սովորել է Այգուտ գյուղի միջնակարգ դպրոցում, տեղափոխվել է ք. Հրազդան և ընդունվել Հովհ. Թումանյանի անվան N5 հիմնական դպրոց: Նույն թվականին ընդունվել է Վահե Զաքարյանի անվան սպորտ դպրոցի «Ձյուդոյի» բաժինը: Մասնակցել է ձյուդոյի և սամբոյի տարբեր քաշային կարգերի մի շարք մրցումների, արժանացել մեդալների և պատվոգրերի: Մասնակցել է տարբեր հուշամրցաշարերի և զբաղեցրել առաջնային տեղեր: 2015 թ. մասնակցել է Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնի Ձյուդոյի առաջնությանը և զբաղեցրել առաջին պատվավոր տեղը: 2016 թ․-ին՝ գրավել երկրորդ տեղը: 2016 թ. ավարտել է դպրոցը և ընդունվել Հրազդանի արհեստագործական քոլեջի ավտոփականագործի բաժինը: 2019 թ. ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: 2020 թ. հունվարին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Վայքում: 2020 թ. սեպտեմբերի 27-ին մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է Ջաբրայիլի դիրքերում: Խաչատուրը վարորդ էր: Հոկտեմբերի 18-ին առաջադրանք ստացան զինվորներին զենք հասցնելու, և Խաչատուրը գիտակցելով, որ ճանապարհը գտնվում է ռմբակոծության տակ, իր ուսերին վերցրեց այդ պատասխանատվությունը. անկախ իր կամքից առաջադրանքն անկատար մնաց: Խաչիկը անհայտ կորած էր մինչև 2021 թ. փետրվարի 28-ը: Մարտի 2-ին աճյունը տեղափոխվել է Ջրառատի ազատամարտիկների պանթեոն: 2021 թ. մարտի 11-ին հետմահու շարքային Խաչատուր Պետրոսյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: