Հավերժի ճամփորդները՝ Հարություն Նիկոյան
Հարություն Արմենի Նիկոյան
( 29.04.2001 – 03.11.2020 )
Հարություն Արմենի Նիկոյան, սերժանտ (2001 թ. ապրիլի 29 – 2020 թ. նոյեմբերի 3, Կարմիր շուկա):
Հարութը դպրոցում միշտ ունեցել է գերազանց առաջադիմություն: Մարզիկ էր՝ կարատեի մրցույթի ժամանակ հաղթել է ադրբեջանցուն, ստացել է 2-րդ պատվավոր հորիզոնականի մեդալը: 2019 թ. ընդունվել է ՀՊՄՀ-ի պատմության և հասարակագիտության ֆակուլետ: Ապագա պատմաբան էր: Պատերազմի օրերին Հարութը ամեն անգամ իր մոր հետ խոսելիս ասել է . «Մամ ջան, նոր պատմություն ենք կերտում»: Մոտ 40 օր պատերազմի մեջ գտնվելով, անդադար կռվելով` անձնվիրաբար պաշտպանել է հայրենիքի սահմանները: Հարութը մանկուց աստվածապաշտ էր: Մարտական ընկերները պատմում են, որ առաջնագծում նա միշտ Աստծո անունն է տվել: Եվ երբ շրջափակման մեջ են եղել, Հարութը Աստվածաշնչից մեջբերում է արել, թե ինչպես Մովսեսն է խնդրել Աստծուց ճանապարհ, այդպես էլ նա է խնդրում` բացվի ճանապարհը: Այդպես էլ եղել է. նրանք դուրս են եկել շրջափակումից: Կռվի օրերին Հարութը ստացել է վիրավորում, բայց հրաժարվել է իջնել դիրքերից: Դիրքերում ոչ մի վիրավորի աչքաթող չէր անում և բոլորին օգնություն է ցույց տվել և այդպես էլ կյանքեր փրկելով հերոսաբար զոհվել: