Հավերժի ճամփորդները՝ Գոռ Հակոբյան
Գոռ Հայկասարի Հակոբյան
( 21.03.1992 – 08.11.2020 )
Գոռ Հայկասարի Հակոբյան (1992 թ. մարտի 21, Լոռու մարզ, գ. Ջիլիզա – 2020 թ. նոյեմբերի 8, Զանգելան):
Մ. Մուրադյանի անվան դպրոցը ավարտել է գերազանց գնահատականներով: Ուսումը շարունակել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի և գծագրության բաժնում՝ ավարտելով գերազանցության դիպլոմով: Ժամկետային ծառայությունը կամավորության սկզբունքով անցկացրել է Արցախի Հանրապետությունում: Զորացրվել է ավագի կոչումով` իր հետ բերելով բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր: Սիրում էր նկարել, ասմունքել, առաջնորդվում էր Նժդեհի գաղափարներով: 2014 թ. ծառայության է անցել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում: 2020 թ.-ին պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով: Կամավորագրվել և մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին: Ընտանիքից գաղտնի մեկնել է Արցախյան երկրորդ պատերազմ: Նա հայրենիքը բարձր էր դասում ամեն ինչից: Ի սկզբանե կռվել է Զանգելանում: Կռվի ժամանակ փորձել է փրկել մարտական ընկերոջ կյանքը, սակայն երկուսն էլ զոհվել են ԱԹՍ-ի հարվածից: Նրա երազանքն էր փոխել աշխարհը, դարձնել ավելի գունեղ…Նրա նշանաբանն էր. «Կյանքս հայրենիքիս, հոգիս Աստծուն, պատիվս՝ ինձ»