Հավերժի ճամփորդները՝ Հայկ Արշակյան
Հայկ Արամի Արշակյան
( 04.07.2001 – 17.10.2020 )
Հայկ Արամի Արշակյան կրտսեր սերժանտ, հրետանավոր (2001 թ. հուլիսի 4, Հրազդան – 2020 թ. հոկտեմբերի 17, Հադրութ):
Մանկապարտեզի ուրախությունն ու բոլոր հանդեսների անփոխարինելի մասնակիցը: Դպրոցում լուրջ ու խոհեմ տղան սովորեց միայն «գերազանց» գնահատականներով և երբեք չօգտվեց այն առիթից, որ մայրը դպրոցի սիրված ու հարգված ուսուցչուհիներից է: Դա ավելի էր պարտավորեցնում նրբազգաց Հայկին: Ավարտեց գերազանց առաջադիմությամբ և օրինակելի վարքով, ոսկե մեդալի թեկնածու էր: 2019 թ. սեպտեմբերին ընդունվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ կառավարման ֆակուլտետ: Համալսարանում դարձել էր ՈՒԽ՝ «Ուրախների և հնարամիտների» ակումբի անդամ, մասնակցում ֆուտբոլի ու բասկետբոլի մրցույթներին: 2020 թ. հունվարին զորակոչվեց բանակ: Ծառայում էր Լուսակերտում: Պատերազմի ժամանակ գտնվել է Հադրութում: Ամեն անգամ զանգահարելիս այնպես էր հուսադրում իր խաղաղ տոնով, կարծես ոչ թե պատերազմում էր, այլ հանգստյան տանը: Հոկտեմբերի 10-ին եղել է վերջին զանգը: Հոկտեմբերի 17-ին եկավ բոթը՝ Հայկը զոհվել է: Օրեր անց եկավ նաև «Մարտական ծառայություն» մեդալը՝ Արցախի Հանրապետության նահագահի կողմից շնորհված: Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Որքա՜ն երազանքներ անկատար մնացին: «Իմ երազանքների կղզին մորս սիրտն է»,– գրել էր իններորդ դասարանում մորը նվիրած բացիկում: Մորը կոչում էր «Սոսե մայրիկ…»