Հավերժի ճամփորդները՝ Դավիթ Դավթյան
Դավիթ Անդրանիկի Դավթյան
( 29.04.2002 – 07.10.2020 )
Դավիթ Անդրանիկի Դավթյան (2002 թ. ապրիլ 29, ք. Աբովյան – 2020 թ. հոկտեմբերի 7 Ջաբրայիլ):
2006-2007 թթ. հաճախել է Աբովյանի շախմատի դպրոց, արժանացել մրցանակի: Սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, ապա ընդունվել է Աբովյանի երաժշտական դպրոց, ջութակի դասարան: Ունենալով բացարձակ լսողություն` Դավիթի կատարումը երաժշտական մրցույթ-փառատոնում արժանացել է երկրորդ մրցանակի: 2012 թ. ընտանիքով տեղափոխվել են Երևան: Դավիթն ընդունվել էր Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոց, ապա Երևանի թիվ 104 հիմնական դպրոց, ավարտել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցը: Այդ տարիներին անդամագրվել է Պատանի երկրապահների կազմակերպությանը և ակտիվորեն մասնակցել հավաքներին ու միջոցառումներին: 2020 թ. ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի տուրիզմի և սերվիսի բաժին: 2020 թ. հուլիսին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր՝ ժամկետային պարտադիր ծառայության Վայքի զորամասում: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ուսումնական վաշտից կցվել է առաջին գումարտակին ու հոկտեմբերի 5-ին մեկնել Ջաբրայիլ՝ մասնակցելու մարտական գործողություններին: Երեք օր շարունակ մարտնչել է թշնամու դեմ և 2020 թ. հոկտեմբերի 7-ին զոհվել: Զոհվելուց 4 ամիս անց 2021 թ. փետրվարի 11-ին ամփոփվել է Եռաբլուր պանթեոնում: Արցախյան պատերազմում քաջություն և արիություն ցուցաբերելու համար 2021 թ. մարտի 12-ին պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրով: 2021 թ. մարտին հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Երևանի թիվ 104 և 170 դպրոցներում բացվել են փառքի անկյուններ, իսկ 2021 թ. ապրիլի 29-ին ՝ Դավթի ծննդյան օրը Ծարավ Աղբյուր փողոցում բացվել է Դավթին նվիրված հուշաղբյուր և տնկվել է նրա անունը կրող եղևնի՝ ի նշան նրա հերոսության հարատևության: «Դավիթը Փոքրիկ Իշխանի հայի տեսակն էր, ով ամեն օր կարգի էր բերում սեփական մոլորակը»…Նրա անավարտ երազանքն էր՝ ավարտել համալսարանի իր նախընտրած բաժինը և Հայաստանը ճանաչելի դարձնել աշխարհում…Վրդովվել էր, որ «Աշխարհի հրաշալիքները. 100 տեսարժան վայրերը աշխարհում» գրքի մեջ Հայաստանը չկար, ասում էր` այդ սխալը պետք է ուղղել: