Հավերժի ճամփորդները՝ Սայաթ-Նովա Բարսեղյան
Սայաթ-Նովա Վահանի Բարսեղյան
( 12.06.1996 – 22.10.2020 )
Սայաթ-Նովա Վահանի Բարսեղյան, Լեյտենանտ, դասակի հրամանատար (1996 թ. հունիսի 12, ք. Աշտարակ – 2020 թ. հոկտեմբերի 22, Հադրութ):
Միջնակարգ կրթությունը ստացել է Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցում, ապա Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Սովորում էր գերազանց: Սայաթի հայրը՝ Վահան Բարսեղյանը 90-ականներին ծառայել է հատուկ գնդում և մասնակցել Արցախյան 1-ին պատերազմին, ունի պատվոգրեր և մեդալներ: 2014 թ. Սայաթը, ծառայել է Ասկերանում: Հրետանավոր էր, մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին: Սայաթը ծառայությունից հետո 2016 թ. ընդունվել և սովորել է Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանում՝ գերազանց: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Սայաթը մեկնել է Ղարաբաղ, քույրերին պատգամել՝ իրենց լավ նայեն: Նա Մարտունի- 2 ում էր, մարտական ընկերները պատմում են, թե ինչքան ուժ, եռանդ ուներ: Կռվի թեժ պահերին Սայաթը ընկերոջ՝ Մանուկի հետ ինքնակամ տեղափոխվել է Հադրութ, չնայած նրան, որ ընկերները համոզում էին մնալ իրենց հետ: Հադրութում ստացել է Լեյտենանտի կոչում, եղել է դասակի հրամանատար: Հոկտեմբերի 21-ին ոտքից վիրավորվել է, վիրակապել է ոտքը, բայց չի հեռացել դիրքից, մի քանի վիրավորի է ուղարկել… Հոկտեմբերի 22-ի կեսօրին Սայաթը անօդաչու թռչող սարքի հարվածից մահացու վիրավորում է ստացել գլխի, սրտի, որովայնի շրջանում…Նա ուներ նշանաբան՝ Հայրենիք, Կրոն, Լեզու՝ 3 հրաշք: Նպատակն էր՝ Շուրջհայաստանյան ճամփորդություն, Հեծանվային արշավ դեպի Արցախ, «EcoArm» բիզնես ծրագրի իրականացում, ավա~ղ… Սայաթը ընտանեկան զրույցներից մեկի ժամանակ ասել է, որ ծնողների ամուսնության 25 ամյակի առթիվ այնպիսի յուրահատուկ նվեր է անելու, որ ամբողջ կյանքում չմոռանան, բոլոր բարեկամները հավաքվելու են: 2020 թ. հոկտեմբերի 24-ին, Սայաթի տատիկի ծննդյան օրը ՝ Սայաթի զոհվելու մասին իմացան, իսկ հոկտեմբերի 26-ին ՝ Սայաթի հայրիկի ծննդյան օրը, որը նաև ծնողների ամուսնության օրն էր ՝ նրան հողին հանձնեցին: Սայաթը գրել է՝ «Աշխարհը երբեք չի հանի իր բարու դիմակն ու ի ցույց չի դնի ժանտախտից քայքայված ու այլասերված դեմքը: Կշարունակի անտարբեր ու ոչինչ չասող ժպիտով քողարկել ու կեղծել դեպքերը…դե՛ քայլեր ձեռնարկեք այս անիծյալ խաղաղությունը պահպանելու համար, ինչ է չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում, չե՞ք լսում օգնության ճիչերը…»