Հավերժի ճամփորդները՝ Արթուր Բալասանյան
Արթուր Սերյոժայի Բալասանյան
( 28.01.2001 – 27.09.2020 )
Արթուր Սերյոժայի Բալասանյան (2001 թ․ հունվար 28, ք․ Երևան – 2020 թ․ սեպտեմբերի 27, Ջրական)
Սովորել է Իսակովի անվան 132 միջնակարգ դպրոցում, այնուհետև Մուշեղ Գալշոյանի անվան 148 ավագ դպրոցում: Դպրոցն ավարտելուն պես ընդունվել է Գեղարվեստի պետական ակադեմիայի ինտերիեր դիզայնի բաժինը: Արթուրը հիանալի նկարում էր, ուներ ստեղծագործական ճկուն միտք: Մանկուց զբաղվել է նաև սպորտով՝ տեկվանդոյով: 2019 թ. հուլիսին զորակոչվել է բանակ և ծառայության անցել Ջրականում (Ջաբրայիլում): «Պա՛պ, ես շտաբում չեմ նստի: Ես եկել եմ տղերքի հետ ծառայելու: Ես չեմ եկել շտաբում թաքնվելու: Չէ՛, զենքի հետ պետք է գործ ունենամ»: Նռնականետն էր իր զենքը, որով ընդամենը մի քանի ժամ կռիվ տալով, հասցրել էր խոցել մեկ տանկ և ոչնչացնել 20 հոգանոց հետևակ: Արթուրը անմահացավ մարտի դաշտում, պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, անավարտ թողնելով իր սերն ու բազում երազանքներ, որ դեռ պետք է իրագործեր: Արթուրը հուղարկավորված է Եռաբլուրում: Արթուրի երազանքն էր դառնալ ինտերիեր դիզայնի մասնագետ: Ուզում էր իր բիզնեսը սկսել: