Հավերժի ճամփորդները՝ Խաչատուր Աղաջանյան
Խաչատուր Վրեժի Աղաջանյան
( 29.06.1997 – 07.11.2020 )
Խաչատուր Վրեժի Աղաջանյան, ավագ սերժանտ ( 1997 թ. հունիսի 29, գ. Հովտաշատ – 2020 թ. նոյեմբերի 7, Շուշի):
2004-2012 թթ. սովորել է Երևանի 174 միջն. դպրոցում: Ապա սովորել է Երևանի եվրոպական քոլեջում՝ հաշվապահական հաշվառում բաժնում: 2008-2012 թթ. պարապել է հունահռոմեական ըմբշամարտ և ունի բազում մրցանակներ, զբաղվել է նաև մարտեր առանց կանոնների սպորտաձևով: 2015 թ. ամռանը զորակոչվել է բանակ, վեցամսյա ուսումնական զինծառայություն է անցել Լուսակերտում ՝ հրետանու նշանառու օպերատոր, բուսոլիստ, այնուհետև կրտսեր սերժանտ կոչումով ծառայությունը շարունակել է Արցախում ՝ Ջաբրայիլում (Մեխակավան): Մասնակցել է 2016 թ. Քառօրյա պատերազմին, վիրավորվել է ոտքից, վերադարձել է ավագ սերժանտ կոչումով: 2018 թ. ընդունվել է ոստիկանական զորքեր «ՕՄՕՆ»: Որից հետո կանոնավոր ոստիկանական զորքերի հետ միասին մասնակցել է Տավուշի Չինարի գյուղի սահմանային հերթափոխին: 2019 թ. մայիսին դարձել է Հայաստանի չեմպիոն՝ մարտեր առանց կանոնների սպորտաձևում: Մասնակցել է 2020 թ. Տավուշի հուլիսյան մարտերին: 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում, ոստիկանական զորքի հետ միասին մեկնել են Քելբաջար (Քարվաճառ), 27 օր պատերազմում էր, ապա մեկ շաբաթով վերադարձել է տուն և նոյեմբերի 2-ին, ոստիկանական զորքերի հետ ինքնակամ մեկնել Արցախ ՝ Շուշիի ինքնապաշտպանությանը մասնակցելու: 5-օրյա թեժ կռվից հետո, նոյեմբերի 7-ին վաշտը ընկել է շրջափակման մեջ, Խաչատուրը ծանր վիրավորվել է, շարունակելով պայքարը, ընկել է մարտի դաշտում հերոսի մահով …
Հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով, «Ֆիդայապետ Անդրանիկ», «Առյուծ Ֆիդայի» մեդալներով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: