ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Դավիթ Յակովլև

Դավիթ Յակովլև

Հավերժի ճամփորդները՝ Դավիթ Յակովլև

Դավիթ Յակովլև

Դավիթ Արմանի Յակովլև

( 18.06.2001 – 26.10.2020 )

Դավիթ Արմանի Յակովլև, կրտսեր սեերժանտ (2001թ. հունիսի 18, Երևան – 2020 թ. հոկտեմբերի 26, Մարտունի-2):

2007 թ. ընդունվել է  «Ուսում» հանրակրթական դպրոց: 13-14 տարեկան Դավիթը Թումո ստեղծագործական կենտրոնի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն էր։ Մինչ դպրոցն ավարտելը հասցրել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ավարտել C# մակարդակ 2 և «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» դասընթացները՝ լինելով միակ դեռահասը։ Ինսթիգեյթ ուսումնական կենտրոնում յուրացրել է ծրագրավորման Scratch և Turtle լեզուները: Գերազանց տիրապետում էր HTML, CSS, C#, PHP, MySQL, JavaScript ծրագրերին, առաջին մրցանակի է արժանացել API-ի միջոցով կայքերի ստեղծման մրցույթում։ Ուսմանը զուգահեռ, աշխատում էր Web ծրագրավորման ոլորտում՝ ընդունելով կայքերի պատրաստման պատվերներ։ Ավարտել է Արտ. Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլետը: 2019 թ. հուլիսին զորակոչվել է  բանակ: 6 ամիս ծառայել Լուսակերտի ուսումնական զորամասում, գերազանցությամբ հանձնել քննությունները՝ ստանալով հրետանավորի դասային որակավորման երրորդ կարգ: Ծառայությունը շարունակել է Արցախի Իվանյանի տանկային զորամասում: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հմուտ եւ գրագետ ղեկավարել է իր ենթակա հաշվարկը: Նա առաջիններից էր, որ մասնակցեց Մարտունու, Հադրութի, Շեխերի ուղղություններով ընթացող հակահարձակողական մարտերին, ոչնչացրել է հակառակորդի 2 միավոր տանկ, զրահափոխադրիչ տեխնիկա՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։ Հմտորեն ղեկավարելով իր ենթակա անձնակազմը՝  հակառակորդին պատճառեց բազմաթիվ կորուստներ, ապա վերախմբավորվելուց և զինամթերքի լիցքավորումից հետո կրկին անցել է հակագրոհի և իրեն կցված հրետանային ինքնագնաց կայանքի կրակով ապահովել շրջափակման մեջ մնացած յուրայինների նահանջը…Շեխեր գյուղի մարտական գործողությունների ժամանակ նա տվեց ամենաթանկը՝ կյանքը, հանուն մեր ապագայի։ Դավիթը հայրենիքին մատուցած ծառայությունների, բացառիկ սխրագործությունների համար ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է “Մարտական ծառայություն»և «Արիության մեդալով»: Դեռ 3 տարեկան Դավիթին, երբ պապիկը ասել է. «տե՛ս ինչ սիրուն են սարերը», պատասխանել է. «ես դրանք տպեցի աչքերիս մեջ»: Արցախն էլ տպեց իր աչքերում: Երազում էր իր ընտանիքի նման ներդաշնակ ընտանիք ունենալ:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ