Հավերժի ճամփորդները՝ Արման Աղվանյան
Արման Սանասարի Աղվանյան
( 10.08.2000 – 09.10.2020 )
Արման Սանասարի Աղվանյան, սերժանտ (2000 թ. օգոստոսի 10, գ. Օձուն – 2020 թ. հոկտեմբերի 9, Ջրական /Ջաբրայիլ/):
Ավարտել է Վանաձորի «Էվրիկա» դպրոցը: Աշակերտական խորհրդի նախագահն էր: Մասնակցել է շատ օլիմպիադաների ու մարզական մրցաշարերի: Ունի բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր: Ուներ խոր գիտելիքներ բոլոր բնագավառներում, երգում էր, նվագում տարբեր երաժշտական գործիքներ (դաշնամուր, կիթառ և դուդուկ, վերջինս սովորել էր նվագել ինքնուրույն): 2018 թ. անվճար ընդունվել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: Առաջին կիսամյակն ավարտելուց հետո 2019 թ. հունվարին զորակոչվել է բանակ: Հոկտեմբերյանում 6 ամիս ծառայելուց հետո որպես տանկի հրամանատար տեղափոխվեց Արցախ՝ Ստեփանակերտ: Այնտեղ ստանալով սերժանտի կոչում՝ շարունակել է ծառայությունը: Սեպտեմբերի 27-ից հերոսաբար կռվում էր հանուն հայրենիքի: Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 8-ին, ծնողներին ասել է` բունկերում են պահում իրենց, չի ասել, որ կռվի դաշտում է: Արցախի սահմանները պաշտպանելիս ՝ Ջաբրայիլում հոկտեմբերի 9-ին քաջաբար զոհվեց Արմանը: Նա ճշգրտորեն կատարել էր իր առջև դրված մարտական առաջադրանքը, ցավոք, վերադարձի ճանապարհին նրա տանկը խոցել էին: Կյանքը եռում էր Արմանի մեջ, ամեն ինչի մեջ գտնում էր դրականը: Փոքր հասակում մասնակցել էր մրցույթի և հաղթել, նկարել տանկ, վրան` աղավնի ու գրել. «Խաղաղություն բոլոր մանուկներին»: Դա էլ մնաց իր երազանքը… Հպարտանում էր իր տանկով: