Բանակի ակունքներում՝ ՄԱՍ I
ԲԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Հայոց անկախ պետականության՝ Հայաստանի 1-ին հանրապետության կայացման ամենազորեղ կռվաններից մեկը սեփական ազգային բանակի ստեղծումն էր: Ուստի 1917 թ. վերջին և 1918 թ. սկզբին կազմավորված հայկական առանձին բանակային կորպուսն արմատապես վերակառուցվեց: 1918 թ. սեպտեմբերին այն լուծարվեց և կազմվեց դիվիզիա՝ գեներալ Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ: Դիվիզիայի զորայինների ընդհանուր թիվը հասնում էր 16 հազարի: 1919 թ. ապրիլի 25-ին ստեղծվեց զինվորական խորհուրդ` գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, ով ստանձնեց նաև բանակի սպարապետությունը: Հանրապետության ռազմական նախարարն էր գեներալ Հովհաննես Հախվերդյանը:
Կազմալուծվեցին ՀՀ տարածքում գտնվող կամավոր հայդուկային խմբերը: 1919 թ. հայկական բանակը վերակառուցվեց զորքի կառավարման համար ավելի հարմար միավորների` բրիգադների և գնդերի: Արդեն 1920 թ. հունվարին հանրապետության զորքի թիվը հասնում էր 25 հազարի, աշնանը` թուրք-հայկական պատերազմի շրջանում, շուրջ 40 հազարի, այդ թվում` 33 գեներալ և 2000-ից ավելի սպա: