ՀՀ ազգային արժույթի 30-ամյակին նվիրված՝ նոյեմբերի 26-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ» խորագրով նոր ցուցադրություն։
Հայաստանը հին աշխարհի այն երկրներից է, որտեղ հասարակական զարգացումը համեմատաբար վաղ հանգեցրեց դրամի օգտագործման անհրաժեշտությանը։ Պատմական որոշ փուլերում շրջանառության մեջ են եղել օտարերկրյա կամ զանազան նվաճողների դրամները, իսկ որոշ փուլերում հայ արքաներն ունեցել են իրենց սեփական դրամաթողարկումը, որն իր բուն տնտեսական գործառույթը կատարելուց բացի հանդիսացել է քաղաքական և մշակութային առաջընթացի դրսևորումներից։ Այսօր հին հայկական դրամները, պատմագիտության համար անփոխարինելի սկզբնաղբյուր լինելով, միաժամանակ հանրության կողմից ընկալվում են որպես պատմամշակութային ուշագրավ երևույթ, ազգային ինքնության յուրատեսակ խորհրդանիշ։
ՀՀ Դրամի 30-ամյակին նվիրված այս ցուցահանդեսում ներկայացվում է Հայաստանի պատմության թանգարանում պահվող դրամագիտական մեծ և հարուստ հավաքածուից ինքնատիպ և ներկայացուցչական նմուշների մի խումբ, որը կարող է պատկերացում տալ հին, միջնադարյան և նորագույն ժամանակների հայկական դրամաթողարկումների մասին։
Նշենք նաև, որ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ կներկայացվեն բացառիկ նմուշներ բանկի հավաքածուից։