Ուրախ ենք տեղեկացնել, որ հոկտեմբերի 20-ին Հայաստանի պատմության թանգարանը կհյուրընկալի իր արտասահմանյան կարևոր գործընկեր կառույցներից մեկի՝ Նիդերլանդների Ասսեն քաղաքի Դրենց թանգարանի տնօրեն Հարրի Թյուփանին։

Ժամը 15։00-ին Հարրի Թյուփանը հանդես կգա զեկույցով՝ «Դրենց թանգարանի միջազգային ցուցահանդեսները և համագործակցությունը Հայաստանի պատմության թանգարանի հետ» թեմայի շրջանակում, որի ընթացքում ոլորտի մասնագետները, ինչպես նաև նրանք, ովքեր հետաքրքրված են թանգարանային ցուցահանդեսների, միջազգային ծրագրերի ոլորտով, հնարավորություն կունենան ծանոթանալու աշխարհի առաջատար թանգարաններից մեկի՝ Դրենց թանգարանի ակտիվ և արդյունավետ ցուցադրության աշխատանքների կազմակերպման և միջազգային համագործակցության փորձին։ Նշենք որ, թանգարանային միջազգային ցուցահանդեսները մեր երկրի համար արդիական և կարևոր նշանակություն ունեն։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Դրենց թանգարանում կազմակերպված «Արարատի հմայքի ներքո․ գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից 160 բարձրարժեք և ինքնատիպ նմուշներ, հանրային քվեարկության արդյունքում ճանաչվեց Նիդերլանդների՝ տարվա լավագույն ցուցադրությունը և ստացավ առաջին մրցանակը:

Ներկաները հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող մասնագիտական հարցերը հղելու Հարրի Թյուփանին։ Վերջինս մասնագիտացել է թանգարանագիտության, հնագիտության և արվեստի պատմության ոլորտներում։ Հարրի Թյուփանը Դրենց թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից, իսկ մինչև այդ տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել թանգարանում և միջազգային փորձագիտական գործունեություն ծավալել։

Հանդիպման լեզուն՝ անգլերեն։

Մուտքն ազատ է։