Դեկտեմբերի 20-ից Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որը նվիրված է պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Ցուցադրությունը կազմակերպվում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համակայկական միության հետ համագործակցությամբ։
ՀՀ թանգարաններում տասնյակ տարիների ընթացքում հավաքվել և պահվում են Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում ստեղծված հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշներ, որոնք դարձել են մասունքներ և հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու դարերի ընթացքում հայ ժողովրդի ստեղծած մշակույթի մասին։
Ցուցադրությունում տեղ է գտել Նախիջևանի, Գարդմանի, Շիրվանի հայկական մշակութային ժառանգությունը փաստող եզակի նմուշների մի խումբ, այդ թվում՝ պատմական քարտեզներ, միջնադարյան կոթողներ, գորգեր, զարդեր, լուսանկարներ և մի շարք այլ արժեքավոր նմուշներ։
Ցուցադրությունը բաց կլինի առաջիկա ամիսներին։