ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Հնագիտական հավաքածու

Հնագիտական հավաքածու

ՊԱԼԵՈԼԻԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ (Ք.Ա. 1.000.000 – 12.000 ԹԹ.)

Պալեոլիթյան հավաքածուների մեջ բացառիկ նշանակություն ունեն աշելյան ձեռքի հատիչները, միջուկները և այլ նմուշներ, որ հայտնաբերվել են Հայաստանի պալեոլիթյան տասնյակ կայաններից` Արտին լեռան վրա (Սատանի դար, Արեգունի բլուր), Հրազդան գետի միջին հոսանքում (Արզնի, Ջրաբեր, Նուռնուս), Գուգարքում (Դաշտադեմ, Մեծավան, Պաղաղբյուր և այլն)։ Գործիքները պատրաստված են տեղական հումքից (օբսիդիան, վանակատ, դացիտ, բազալտ)։ Աշելյան հարյուրավոր գործիքների խմբում կարևորվում են նշաձև, օվալաձև, եռանկյունաձև դասական ձեռքի հատիչները։ Հատիչներն ունեն ավարտուն ու կանոնավոր ձևեր, առանձնանում են իրենց նրբագեղ ու մանրակրկիտ հարդարումով։ Ձեռքի հատիչները և դրանց ուղեկցող գործիքներն իրենց հնությամբ, կատարյալ ձևերով ու մշակումով դասվում են Եվրասիայի համաժամանակյա լավագույն նմուշների շարքը։

ՆԵՈԼԻԹ – ԷՆԵՈԼԻԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ
(Ք.Ա. VIII – IV ՀԱԶ-Ի ԿԵՍԵՐ)

Նեոլիթ էնեոլիթյան մշակույթի համեմատաբար լավ ուսումնասիրված բնակավայրերը հայտնաբերվել են Արարատյան դաշտավայրում` Մասիս, Թեղուտ, Ադաբլուր, Առատաշեն և այլուր։ Թանգարանի նեոլիթյան հավաքածուների մեջ մեծ խումբ են կազմում տարբեր չափերի դանակաձև շեղբերը։ Այս գործիքները որպես կտրող, սղոցող, ծակող, փորագրող նմուշներ գործածվել են կենցաղում և տնտեսության տարբեր բնագավառներում։ Բազմազան այս շեղբերը ստացվել են բրգաձև կամ կոնաձև միջուկներից հարվածելու եղանակով։ Այդ միջուկների դասական նմուշները հայտնաբերվել են Անի Պեմզայից, Առատաշենից, Մասիսից և այլ հնավայրերից։ Ժամանակաշրջանին բնորոշ են բազալտից, դիաբազից պատրաստված կացիններն ու մուրճերը, ոսկրե կենցաղային գործածության նմուշները։ Հայաստանում առաջին կավանոթները երևան են եկել նեոլիթի եզրափակիչ փուլում` Ք.ա VI հազ. սկիզբ։ Այդպիսի հավաքածու հայտնաբերվել է Մասիսի, Ադաբլուրի, Արտաշատի պեղումներից։

ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ԵՎ ՎԱՂ ԵՐԿԱԹԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ
(Ք.Ա. IV ՀԱԶ. II ԿԵՍԻՑ – XV – XII ԴԴ.)

Բրոնզեդարյան և վաղ երկաթի շրջափուլերին վերաբերվող գտածոները կազմում են հնագիտական ֆոնդերի ամենամեծ ու բազմազան հավաքածուն (մոտ 60-70%-ը)։ Տասնյակ հազարների հասնող արժեքավոր նմուշներ են հայտնաբերվել Շենգավիթ, Մոխրաբլուր, Հառիճ, Կառնուտ, Լճաշեն, Վանաձոր, Քարաշամբ, Վ. Նավեր, Մայիսյան, Բերքաբեր, Արուճ, Արթիկ, Լոռի բերդ և այլ հուշարձանների պեղումներից։ Հավաքածուի մեջ կարևորվում են կիրառական արվեստի և հոգևոր մշակույթի բացառիկ գտածոները (ծիսական օջախներ, զոհարաններ, թրծակավե և բրոնզե քանդակներ, արձանախմբեր, պաշտամունքային սպասք, իշխանության խորհրդանիշ հանդիսացող նմուշներ, զենքեր, զարդեր, կավանոթներ, փայտից կառքեր և մարտակառքեր, արվեստի գործեր և այլ նմուշներ)։ Արժանահիշատակ են նաև մարդակերպ կուռքերը, ֆալլատիպ և «վիշապ» կոչվող կոթողները:

ՈՒՐԱՐՏՈՒԻ (ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ) ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ
(Ք.Ա. IX Դ. – VI Դ. ՍԿԻԶԲ)

Կարմիր բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից, Օշականից, Վանից և այլ հուշարձաններից պեղված հավաքածուները, ուրարտական և ասուրական սեպագիր արձանագրությունները պատկերացում են տալիս Ուրարտուի պետական կառուցվածքի, պանթեոնի, ռազմա-քաղաքական պատմության, տնտեսության, արհեստների, արվեստի մասին։

Ուրարտական հավաքածուների կարևոր մասն են կազմում մետաղագործական արտադրանքի նմուշները` կենցաղային իրերը, բրոնզե քանդակազարդ սպառազեն նմուշները (մի քանիսն անվանական հիշատակություններով), ոսկյա և արծաթյա բարձրարվեստ զարդերը, բրոնզաձույլ քանդակները, կահույքի մասերը և այլ առարկաներ։ Ուրարտական կիրառական արվեստում կարևոր տեղ են գրավում խեցեղենի հավաքածուները` գունազարդ ծիսական անոթներ, ռիտոններ, կարմրափայլ անոթներ, տարողության նշաններով (800-1200լ) մեծածավալ կարասներ և այլ նմուշներ։

ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ Ք.Ա VI – IV ԴԴ.

Հայաստանի Աքիմենյան շրջանի մշակույթը ներկայացված են Արմավիրի, Օշականի, Այրումի, Կարճաղբյուրի, Հրազդանի շրջանի և այլ վայրերում պեղված հավաքածուներով և պատահական գտածոներով։ Կարևոր մաս են կազմում գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշները` բրոնզաձույլ մանրակերտ քանդակներ, թանկարժեք մետաղներից զարդեր ու անոթներ։ Զարդարվեստի մի հոյակապ գործ է Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը՝ ընդելուզված կիսաթանկարժեք քարերով։ Հավաքածուի մյուս մեծ խումբը խեցեղեն առարկաներ են` կարմրափայլ և գունազարդ սափորներ, պնակներ, գավաթներ և այլ անոթներ։ Կիրառական արվեստի կատարյալ նմուշներ են Արմավիրից, Դվինից, Սևանի ավազանից և այլ հնավայրերից հայտնաբերված կիսաթանկարժեք քարերից պատրաստված փորագրազարդ կնքադրոշմները, կենդանիների, հեծյալների, որսի և այլ պատկերաքանդակները։

ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ (Ք.Ա. IV Դ. – Ք.Հ. III Դ.)

Հավաքածուների հիմքն են կազմում Արտաշատից, Գառնիից, Արմավիրից, Սիսիանից, Տիգրանակերտից և այլ հուշարձաններից պեղված նմուշները և պատահական գտածոները։ Դրանք են՝ մետաղյա առարկաներ, կավանոթներ, ապակյա անոթներ, կիրառական արվեստի նմուշներ։ Հելլենիստական մետաղագործական արվեստը ներկայացնում են փոքրածավալ քանդակները, ոսկյա և արծաթյա բազմազան զարդերը։

Ուշագրավ են խեցեղեն անոթներն ու ապակյա սրվակները, որոնք առանձնանում են ձևերի և հարդարման եղանակների բազմազանությամբ` տափաշշեր, ամֆորաներ, օյնախոյա կոչվող սափորներ։ Հելլենիստական արվեստի մի ինքնատիպ բնագավառ են ներկայացնում թրծակավե ձուլածո մանրակերտ տերակոտաները` մոր ու մանկան, հեծյալների, երաժիշտների և այլ պատկերաքանդակներով։ Շինարարական արվեստի և քանդակի եզակի հավաքածու է Արտաշատից, Գառնիից գտնված բարձրաքանդակներն ու հարթաքանդակները, մարմարե ծավալուն արձանները, ինչպես նաև ավանդական քանդակագործության նմուշներ հանդիսացող դիմաքանդակները (Դվին, Երևան, Դարբանդ)։ Հավաքածուներում կարևորվում են գրավոր հուշարձանները։ Հայոց Արտաշես Ա թագավորի (Ք.ա 189-160) հրամանով արձանագրված արամեական սահմանաքարերը, հունարեն և լատիներեն լեզուներով արձանագրված կոթողներն ու տապանաքարերը։

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ (VI – XV ԴԴ.)

Միջնադարյան ֆոնդերը համալրված են Անիի, Դվինի, Ամբերդի և այլ հուշարձանների պեղածոներով և պատահական գտածոներով: Հավաքածուների մեջ առանձնանում են հախճապակյա և ջնարակապատ անոթները, գոտեզարդ և դրոշմազարդ կարասները, եկեղեցական մետաղյա սպասքի նմուշները, ապակյա նմուշները և այլ գտածոներ։ Բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում Անիից գտնված գործվածքի մնացորդներն ու զգեստների եզակի նմուշները։ Միջնադարյան ֆոնդերի արժեքավոր մասն են կազմում վաղ քրիստոնեական (IV-XIVդդ.) և զարգացած միջնադարի (IX–XIVդդ.) հավաքածուները։ Եզակի հավաքածուներ են թևավոր խաչերն ու խաչքարերը, որմնաքանդակները, աստվածաշնչային և աշխարհիկ թեմաներով պատկերված կոթողները, տոհմական զինանշանները և այլ նմուշներ։ Արվեստի բարձրարժեք գործեր են Մշո, Տաթևի, Սևանի Առաքելոց վանքի փայտափորագրազարդ դռներն ու խոյակները։ Հավաքածուների մի մասը վաղ քրիստոնեական արվեստի կոթողներ են` խոյակներ, հուշասյուներ, թևավոր խաչեր, բարձրաքանդակներ, հարթաքանդակներ և ճարտարապետական այլ բեկորներ` Զվարթնոցից, Դվինից, Արուճից, Թալինից, Քաղսիից և այլ վայրերից։