Ղարաբաղյան շարժում՝ ՄԱՍ I
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՇԱՐԺՈՒՄ
1․1
1985թ. մարտին փոխվեց ԽՍՀՄ ղեկավարությունը: ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընտրվեց Միխայիլ Գորբաչովը: Նա հայտարարեց, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար պետք է իրականացվեն վերափոխումներ և «վերակառուցում» բոլոր բնագավառներում՝ սոցիալ – տնտեսական, գիտատեխնիկական, քաղաքական, աշխատանքային կարգապահության և այլն: Վերակառուցման քաղաքականության անմիջական հետևանքներից էր Խորհրդային Միությունում ազատագրական շարժումների ծավալումը։ Առաջիններից մեկն էր արցախահայությունը, որը դուրս եկավ իր ազգային արժանապատվությունը պաշտպանելու։ Նրանք չէին հաշտվում իրենց պատմական տարածքներն Ադրբեջանին բռնակցելու 1921 թվականի անարդար որոշման և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հակահայկական քաղաքականության հետ։
Դեռևս 1960-ական թթ. խրուշչովյան ազատությունների արդյունքում սկսել էր աշխուժանալ ազգային կյանքը։ Այդ ժամանակ ժողովուրդը Հայաստանի իշխանություններից պահանջում էր պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները, դատապարտել թուրքերի կազմակերպած հայոց ցեղասպանությունը և հասնել դրա միջազգային ճանաչմանը։
1980-ական թթ․ ավելի հաճախացան Ադրբեջանի կողմից ազգությամբ հայ պաշտոնյաների պաշտոնանկությունները։ Սոցիալիստական հասարակարգի խոր ճգնաժամը, կուսակցական գաղափարախոսության սնանկությունը, չլուծված բազմաթիվ հարցերը՝ առավելապես ազգային խնդիրները, ակտիվացրին Խորհրդային Միության տարբեր ազգերի ու ժողովուրդների պահանջները: Արձանագրված դժվարություններին Հայաստանում գումարվեց նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը և 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքները: Ղարաբաղյան շարժումը սկսվեց որպես իրավական խնդրի բարձրաձայնում և հարցը իրավական հարթության մեջ լուծելու պահանջ:
1․2
Մինչև Ղարաբաղյան շարժման ծավալվելը, Երևանում տեղի ունեցան մի քանի բնապահպանական ցույցեր և հանրահավաքներ: Փետրվարի 18-ին հրավիրված հանրահավաքն ուներ բնապահպանական թեմատիկա: Հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի ՀԿԿ-ի շենք՝ փակելով փողոցը սպասեցին այնքան, մինչև տեղ հասան Աբովյան քաղաքի հանրահավաքի մասնակիցները՝ Ի. Մուրադյանի գլխավորությամբ: Սակայն բնապահպանական հանրահավաքի ցուցապաստառների մեծ մասը վերաբերում էին Ղարաբաղին: Ըստ էության մարդիկ առաջին անգամ դեմ դուրս եկան համակարգին, որի արտահայտությունը մասնակցությունն էր այդ ցույցերին: Բարձրաձայնվող խնդիրները հիմնականում կապված էին «Նաիրիտ» գործարանի, Մեծամորի ատոմակայանի հետ: Ըստ որոշ աղբյուրների՝ Խորհրդային Միությունը մտադիր էր Արարատյան դաշտում կառուցել ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց:
Բնապահպանական շարժման ակունքներում կանգնած էին Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը և բնապահպան Կարինե Դանիելյանը: 1985-86 թթ․ սկսված բնապահպանական շարժումը աստիճանաբար վերափոխվեց Ղարաբաղյան շարժման, որը միանգամից մեծ թափ ստացավ։