Ղարաբաղյան շարժում՝ ՄԱՍ II
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԻԶԲԸ
Արցախահայությունը, հավատալով կուսակցության հռչակած վերակառուցման նոր քաղաքականությանը, պայքար սկսեց սահմանադրական ճանապարհով մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ վերամիավորման համար: 1988 թ. փետրվարի 13-ից մարզկենտրոն Ստեփանակերտում անցկացվում էին զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ: Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանը, երկրի Սահմանադրությանը համապատասխան, որոշում ընդունեց՝ դիմել Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին: Հայաստանում և սփյուռքում արցախահայության հետ համերաշխության զանգվածային ցույցերի մեծ ալիք սկսվեց: Ղարաբաղում, մայրաքաղաքում, հանրապետության տարբեր քաղաքներում կազմակերպվեցին բազմահազարանոց հանրահավաքներ: 1988 թ․ փետրվարին ստեղծվեց կազմկոմիտե՝ Իգոր Մուրադյանի նախագահությամբ, որը հաջորդած օրերից կոչվեց «Ղարաբաղ» կոմիտե, որի կազմը հետագայում համալրվեց:
1988-ի փետրվարի 26-ի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ Հանրահավաքը բացառիկ էր մասնակիցների թվի առումով: Ակնհայտ է, որ ժողովուրդը հասկացավ պահի պատմականությունը. «եթե չանենք հիմա, ապա հետո ուշ կլինի»: Արթնացել էր միավորման, համախմբման ոգին: Բազմահազարանոց հանրահավաքների և ցույցերի ժամանակ թույլ չէին տրվում հասարակական կարգի խախտումներ, մարդիկ միմյանց վերաբերվում էին շեշտված հոգատարությամբ՝ որպես միակամության ու համախմբվածության նշան՝ ընդհանուր համազգային խնդրի շուրջ:
ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը ի սկզբանե շարժման նկատմամբ բացասական դիրքորոշում որդեգրեց: Արցախում և Հայաստանում ընթացող հանրահավաքները ղեկավարության կողմից որակվեցին «սադրիչ», «ծայրահեղական», «մի խումբ ազգայնականների պահանջ»: Հայաստանի և Ադրբեջանի հեռուստատեսությամբ և լրատվության այլ միջոցներով հաղորդվեց Մ. Գորբաչովի դիմումը՝ ուղղված «Հայ և ադրբեջանցի ժողովուրդներին», որտեղ ասվում էր. «Մենք կողմնակից չենք այն բանի, որ խուսափենք տարբեր գաղափարների ու առաջարկությունների բաց քննարկումից, բայց դա հարկավոր է անել հանգիստ, դեմոկրատական պրոցեսի և օրինականության շրջանակներում…»: Գլխավոր քարտուղարը խոստանում էր հարցը քննարկել ազգային հարցերին նվիրված առաջիկա պլենումում:
Շեփորը
1988 թ․ փետրվարի 21-ի հանրահավաքի ժամանակ առաջին անգամ հնչեց շեփորի ձայնը, որի ուղեկցությամբ Օպերայի բակում հավաքված ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։ Շեփորահարը Աշոտ Միրզոյանն էր, ով պատկերացում անգամ չուներ, որ շեփորը, որը գտել էր 1978 թ․ Ֆիլհարմոնիայի համերգասրահի նկուղում՝ որպես օտագործման ոչ պիտանի իր, դառնալու է հանրահավաքների մեկնարկն ազդարարող սիմվոլ։