Ղարաբաղյան շարժում՝ ՄԱՍ III
ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
Այն ժամանակ, երբ Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում տեղի էին ունենում խաղաղ հանրահավաքներ, 1988թ. փետրվարի 27-29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու արդյունաբերական Սումգայիթ քաղաքում իրականացվեց քաղաքի հայության վայրագ կոտորած: Այդ ջարդերից հետո քաղաքի 18 հազար հայ բնակիչներ ստիպված բռնեց գաղթի ճանապարհը: Հայերի կոտորածը նախապատրաստված էր ադրբեջանական տեղական իշխանությունների կողմից: Իրավապահ մարմինները մի քանի օր մատնված էին անգործության: Միայն երեք օր անց միութենական կենտրոնական իշխանությունը զորք մտցրեց Սումգայիթ: Զինվորները մեծ դժվարությամբ կարողացան դադարեցնել ջարդը և քաղաքից դուրս բերել հայ բնակչությանը: Երկրի ղեկավարությունը ջանում էր կատարվածը ներկայացնել որպես մի խումբ խուլիգանների արարք: Իրական կազմակերպիչները մնացին անպատիժ: Սումգայիթում կազմակերպված նախադեպը չունեցող ջարդերով ադրբեջանական իշխանությունները նպատակ ունեին հայ բնակչության մեջ վախ ու խուճապ ստեղծելով հայաթափել Լեռնային Ղարաբաղը: Սակայն ստացվեց հակառակը…
ՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ
Ղարաբաղյան շարժման առաջին օրերից Ադրբեջանի տարածքում բնակվող հայությունը սկսեց ենթարկվել մշտական հարձակումների, թալանի: 1988 թ․ գարնանից սկսած Կիրովաբադից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից, Շաքիից և հայաշատ այլ բնակավայրերից հայերը, բռնության և թալանի ենթարկվելով, զանգվածաբար արտաքսվեցին: Միայն 1988 թ. մարտից-դեկտեմբեր Ադրբեջանից բռնագաղթել է շուրջ 200 հազար հայ բնակիչ: Հաջորդ խոշոր ալիքը սկսվեց 1990 թ. հունվարին, երբ Բաքվում մեկ շաբաթվա ընթացքում սպանվեցին 100-ից ավելի հայեր, իսկ 200 000-ը ստիպված հեռացան քաղաքից:
1988 թ. աշնանը կազմակերպվեց Հայաստանից ադրբեջանցիների տեղափոխում, նրանց ունեցվածքը տեղափոխելու համար տրամադրվեցին տրանսպորտային միջոցներ, հնարավորություն ընձեռնվեց վաճառել տները և այլն: Հայաստանում ստեղծված ծանր իրավիճակը ավելի վատթարացավ վերահաս աղետի՝ երկրաշարժի հետևանքով:
Ստեղծված իրավիճակում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1989 թ. հունվարի 12-ի հրամանագրով ԼՂԻՄ-ում ժամանակավորապես մտցրեց կառավարման հատուկ ձև: Ըստ հրամանագրի՝ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի և նրա գործադիր կոմիտեի լիազորություններն այնուհետև դադարեցվում էին մինչև Խորհրդի նոր կազմի ընտրությունների անցկացումը: Նրա լիազորություններն ամբողջ ծավալով փոխանցվում էին նոր կազմավորված ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեին (ՀԿԿ), որն անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին: ՀԿԿ-ի ղեկավարումը ստանձնած Արկադի Վոլսկին առաջարկում էր մեղմել լարվածությունը Ղարաբաղի տնտեսության զարգացման, ԼՂԻՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական ու մշակութային ամուր կապերի հաստատման և հայ բնակչության հանդեպ խտրականության կանխարգելման միջոցով: