Ղարաբաղյան շարժում՝ ՄԱՍ V
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԾԱՎԱԼՄԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ
1989 թ․ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների՝ բանտից ազատվելն ու Հայաստան վերադառնալը նոր խթան հանդիսացան շարժման ծավալման և ՀՀՇ-ի կառուցվածքային ամրապնդման համար։ Հուլիսի 26-ին Շահումյանի հայաբնակ շրջանի շրջանային խորհուրդը որոշեց միանալ ԼՂԻՄ-ին։ Շատ չանցած՝ օգոստոսի 16-ին նոր ձևավորված ԼՂԻՄ Ազգային խորհուրդը ԼՂԻՄ-ը հռչակեց միութենական տարածք, որտեղ այլևս չէր գործլու Ադրբեջանական ԽՍՀ սահմանադրությունը։ Այս կերպ ԼՂԻՄ ղեկավարությունը օրինականության շրջանակներում տեսական հիմք էր ստեղծում հաջորդ՝ առավել կարևոր քայլի համար՝ միանալու Հայաստանին։ Արդեն հոկտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ազգային խորհուրդը դիմեց ՀԽՍՀ Գերագույն խորհրդին՝ խնդրելով քննարկել վերոնշյալը։ Մինչդեռ նոյեմբերի վերջին ԽՍՀՄ գերագույն ղեկավարությունը շարունակում էր ապարդյուն փորձերը՝ ԼՂԻՄ-ում Ադրբեջանական վերահսկողություն ապահովելու համար։ Ի հեճուկս՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանում ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը ընդունեցին համատեղ պատմական որոշում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Որոշում, որով 1988 թ․ փետրվարից սկսված պայքարի բովանդակությունը հասավ իր տրամաբանական հանգուցալուծմանը։