Ղարաբաղյան շարժում՝ ՄԱՍ VI
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
1989 թ. Արևելյան Եվրոպայի երկրներում մեկը մյուսի հետևից տեղի էին ունենում հասարակական-քաղաքական ցնցումներ, որոնք պատմաբանները որակեցին որպես «արևելաեվրոպական հեղափոխություններ»։ Քանդվեց Բեռլինի պատը: Այդ իրադարձություններից դեռևս մեկ տարի առաջ հզոր ժողովրդավարական շարժում էր սկսվել Խորհրդային Հայաստանում, որը, ըստ Հ. Մարությանի, արևելաեվրոպական հեղափոխությունների շարքի առաջնեկն էր և որպես այդպիսին մեծ դեր է խաղացել խորհրդային հասարակության ժողովրդավարացման և Խորհրդային Միության ապամոնտաժման գործում։ Լինելով առաջինը՝ «Հայկական հեղափոխությունը» չի նկատվել, չի ընկալվել որպես հեղափոխություն, որպես այդպիսին մնացել է անհայտ մասնագիտական շրջանակների համար, մինչդեռ «չճանաչված հեղափոխության» օրինաչափությունները կարող են նոր լույս սփռել դարավերջի արևելաեվրոպական ժողովրդավարության ծագման, ուսումնասիրման ու գնահատման գործում: Հայ ժողովուրդը Արցախյան ազատագրական երկամյա ծանր պայքարի ընթացքում դուրս չեկավ իրավականության շրջանակներից: Նա ավելի համախմբվեց, սեփական ուժերի նկատմամբ հավատն ու վճռականությունը առաջ մղեցին ազգային անկախ պետականության վերականգնման խնդիրը:
1990 թ. նոր ուժով ծավալված համաժողովրդական շարժումը նպատակամղվեց այդ երազանքի իրականացմանը: Ժողովուրդն աստիճանաբար եկավ այդ մտքին: Անհրաժեշտ էր, որ ժողովուրդն ինքը լիներ որոշում կայացնողը: Արցախի հարցում ԽՍՀՄ ղեկավարության միտումնավոր քաղաքականության և հանրապետության ղեկավարության անհեռատես գործողությունների հետևանքով ժողովուրդը կորցրեց հավատը իշխանությունների հանդեպ: Փոխարենը ուժեղացավ ժողովրդական շարժման նկատմամբ վստահությունը: Այս ամենը առաջացրեց շրջադարձային փոփոխություններ քաղաքական կյանքում: 1990 թ. մայիսի 20-ին և հունիսի 3-ին կայացած Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին առաջին անգամ մասնակցեց նաև Արցախի հայ բնակչությունը: Արդյունքում ստեղծվեց նոր խորհրդարան, որը բացվեց հուլիսի 2-ին և առաջին իսկ օրերից բարդ պայմաններում ձեռնամուխ եղավ անկախ պետականության ստեղծմանը: 1990 թ. օգոստոսի 4-ին խորհրդարանը Հայաստանի ԳԽ նախագահ ընտրեց ՀՀՇ վարչության նախագահ, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանին: 1990 թ․ օգոստոսի 23-ին Հայաստանի ԳԽ առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով դրվեց հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը: