Ապրիլի 23-ին ժամը՝ 16։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը նվիրված` Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։
Դեռ 19-րդ դարից Դիլդիլյանների մի քանի սերունդների ներկայացուցիչներ Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում՝ Սեբաստիայում, Մարզվանում, Սամսունում և այլուր, զբաղվել են լուսանկարչությամբ, ապա բռնագաղթից հետո հաստատվել Հունաստանում և ԱՄՆ-ում, որտեղ ևս շարունակել են իրենց գործունեությունը։
Ցուցադրվելու են ապակե նեգատիվներ, գծանկարներ, փաստաթղթեր, նամակներ, 34 տարիների ընթացքում Ցոլակ և Արամ Դիլդիլյանների կողմից արված տասնյակ լուսանկարներ և ընտանեկան ժառանգության այլ ուշագրավ իրեր, որոնք հատուկ տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան և համադրվելու են թանգարանի ցուցանմուշների հետ։
Ցուցահանդեսը կազմակերպվել է թանգարանի և Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի հետ համագործակցությամբ։
Մուտքն ազատ է։