Մարտի 24-ին ժամը՝ 17։00-ին, հրավիրում ենք Հայաստանի պատմության թանգարան՝ ներկա գտնվելու «Լեռնահովիտի բացառիկ կոթողը․ հայտնություն սերունդների համար» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը։
Ցուցադրությունում ներկայացված է 2025 թվականին Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում հայտնաբերված բացառիկ քառանիստ կոթողը, որը թվագրվում է 5-7-րդ դարերով։ Քառանիստ կոթողի հիմնական առանձնահատկությունը հստակ, մանրամասն և ճշգրիտ քանդակված հորինվածքներն են՝ սուրբ զինվորը, Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ և Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում։
Կոթողի հետախուզական պեղումներն իրականացվել են 2025 թվականի նոյեմբերին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից` պ․ գ․ դ․, պրոֆ․ Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ։
Պեղումներից հետո կոթողը տեղափոխվել է Հայաստանի պատմության թանգարան և վերականգնման աշխատանքներից հետո համալրել թանգարանի հավաքածուն՝ դառնալով դրա արժեքավոր և ուշագրավ նմուշներից մեկը։
