Մշակութային ժառանգության պահպանության ոլորտը գտնվում է շարունակական փոփոխության մեջ` արձագանքելով թե՛ ժամանակակից մարտահրավերներին, թե՛ նոր հնարավորություններին։ Հայաստանում վերջին տարիներին համայնքների դերակատարման զգալի ակտիվացում է նկատվում` հատկապես ժառանգության պահպանության և հանրահռչակման գործընթացներում։ Սա կարևոր զարգացում է, սակայն միևնույն ժամանակ առաջ է բերում համակարգման, մասնագիտական ուղղորդման և կառավարման նոր խնդիրներ։

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը` ապրիլի 18-ին` ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «ՀՈՒՇԱՐՁԱՆ–ՀԱՄԱՅՆՔ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» խորագրով պանելային քննարկում։
Բանախոսները կանդրադառնան մշակութային ժառանգության պահպանության արդի մարտահրավերներին` հատուկ ուշադրություն դարձնելով համայնքի և ժառանգության փոխհարաբերությանը:

Պանելային քննարկման բանախոսներ`
Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչ ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ,
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՆՅԱՆ։ Պանելային քննարկումը կվարի Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն ՆԺԴԵՀ ԵՐԱՆՅԱՆԸ։

Միջոցառման մուտքն ազատ է։