Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 3-ից Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է «Հայաստան. բաց դուռ» ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին։
 Ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ մեծ ծավալով կներկայացվեն 1946-1949 թթ․ հայրենադարձված ընտանիքների մասնավոր արխիվները՝ Հայաստանի պատմության թանգարանի պահոցներից ընտրված ինքնատիպ նյութերի համադրությամբ։ Այցելուները հնարավորություն կունենան անցնելու այդ տարիների հույզերի ու տրամադրությունների միջով՝ վերապրելով ժամանակի ոգևորությունն ու իրականությունը։
Այս աննախադեպ ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և «Ֆակտում» փաստագրական կենտրոնի համագործակցությամբ։
Հոբելյանական ծրագրի շրջանակներում ցուցահանդեսի բացմանը զուգահեռ կանցկացվի եռօրյա միջազգային գիտաժողով՝ «Հայրենադարձության շերտերը» խորագրով, որի շրջանակներում զեկույցներով հանդես կգան ավելի քան 40 հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։
Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 2-ը։
Ցուցահանդեսը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի մուտքի տոմսի արժեքի մեջ։