ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Թեյշեբա աստծո արձանիկ

Թեյշեբան ուրարտական պանթեոնի գլխավոր եռյակի երկրորդ աստվածությունն է և Ուրարտուի ռազմի, ամպրոպի և հողմի աստվածը: Քանդակը ներկայացնում է ամբողջ հասակով տերևներից հյուսած պսակի վրա կանգնած երիտասարդ տղամարդու: Հագել է երկարափեշ ծոպավոր զգեստ, որը հարդարված է ուրարտական բնորոշ օրնամենտով (քառանկյունի կենտրոնում վարդյակ), մեջքին կապած է գոտի, ուսին ձգած է ծոպերով երիզված ժապավեն: Մազերը թափված են ուսերին, գլխին կրում է եղջյուրներով զարդարված բարձր գլխազարդ (եղջյուրները ներկայացնում են Թեյշեբայի խորհրդանիշ ցուլին): Գլխազարդից վեր զետեղված է թմբուկաձև հավելված` հարդարված զիգզագավոր երեք գոտիներով և ավարտվում է լայն օղակով: Աստծո աջ ձեռքում սկավառակաձև գուրզ է, արմունկում ծալված ձախում` մարտական կացին, որոնք Թեյշեբայի ամպրոպային և երկնային տարերքի խորհրդանիշերն են:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Ժամանակաշրջան : Երկաթի դար

Դարաշրջան ։ Ք․ա․ 8-7-րդ դար

Տարածաշրջան : Կարմիր բլուր

Նյութ : բրոնզ

Ինվենտար # : 1740/1