Սյուժեն քանդակված է Սպիտակավոր սբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին, որմնաշարքի երեք սալերի վրա: Ձախակողմյան սալին երիտասարդ աղեղնավոր հեծյալը նետահարում է եղնիկին: Ձին առաջ է գնում, իսկ հեծյալն իրանով շրջված է դեպի եղնիկը: Աջակողմյան սալին վիրավոր կենդանին փախչում է` գլուխը ետ շրջած դեպի որսորդը: Հեծյալի հանդերձանքն իշխանական է՝ պիրկ իրանը գրկող երկար բաճկոն, ակնազարդ գոտի, թևին իշխանական ժապավեն: Դեմքը մորուքով է, մազերը խոպոպներով իջնում են ուսերին: Գլխին կրում է սֆերիկ, լայն եզրերով խույր, որը ձևով հիշեցնում է Խոտակերաց Սբ․ Նշանի Մասանց պահարանին դրվագված խաչի իշխանի գլխարկը: Հեծյալի ուսերից վեր, երկու սալի վրա փորագրված փակագիրը՝ ԱՄՐ ՀՍ, փաստում է, որ պատկերվածը Պռոշյան տոհմից իշխան Ամիր Հասանն է՝ եկեղեցին կառուցողը: Հայկական պաշտամունքային շինություններին (Պտղնի, Նորավանք, Աղթամար) քանդակված տեսարանների մեջ այս բարձրաքանդակն առանձնանում է ավանդական ու կանոնիկ կոմպոզիցիայի ինքնատիպ լուծումով. ի տարբերություն ախոյանների դեմ հանդիման, մի ուղղությամբ և մի կետի ձգտող շարժման, այստեղ վարպետն ախոյաններին հեռացրել է իրարից և նույնանման հակադարձ շարժման միջոցով հասել է բախման գեղարվեստական արտահայտչականության աննախադեպ լուծման:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ 14-րդ դ. սկիզբ
Տարածաշրջան : Սպիտակավոր Սբ․ Աստվածածին եկեղեցի
Նյութ : Ֆելզիտ
Ինվենտար # : 1320,1321,1322
