ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Որմնաքանդակ որսի տեսարանով

Սյուժեն քանդակված է Սպիտակավոր Սբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին, որմնաշարքի երեք սալերի վրա: Ձախակողմյան սալին երիտասարդ աղեղնավոր հեծյալը նետահարում է եղնիկին: Ձին առաջ է գնում, իսկ հեծյալն իրանով շրջված է դեպի եղնիկը: Աջակողմյան սալին վիրավոր կենդանին փախչում է` գլուխը ետ շրջած դեպի որսորդը:
Հեծյալի հանդերձանքն իշխանական է՝ պիրկ իրանը գրկող երկար բաճկոն, ակնազարդ գոտի, թևին իշխանական ժապավեն: Դեմքը մորուքով է, մազերը խոպոպներով իջնում են ուսերին: Գլխին կրում է սֆերիկ, լայն եզրերով խույր, որը ձևով հիշեցնում է Խոտակերաց Սբ Նշանի Մասանց պահարանին դրվագված խաչի իշխանի գլխարկը: Հեծյալի ուսերից վեր, երկու սալի վրա փորագրված փակագիրը` ԱՄՐ ՀՍ, փաստում է, որ պատկերվածը Պռոշյան տոհմից իշխան Ամիր Հասանն է՝ եկեղեցին կառուցողը:
Հայկական պաշտամունքային շինություններին (Պտղնի, Նորավանք, Աղթամար) քանդակված տեսարանների մեջ այս բարձրաքանդակն առանձնանում է ավանդական ու կանոնիկ կոմպոզիցիայի ինքնատիպ լուծումով. ի տարբերություն ախոյանների դեմ հանդիման, մի ուղղությամբ և մի կետի ձգտող շարժման, այստեղ վարպետն ախոյաններին հեռացրել է իրարից և նույնանման հակադարձ շարժման միջոցով հասել է բախման գեղարվեստական արտահայտչականության աննախադեպ լուծման:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Ցուցասրահ : Քրիստոնյա Հայաստանը IV – IX դդ.

Ժամանակաշրջան : Միջնադար (XIVդ. սկիզբ)

Տարածաշրջան : Վայոց Ձոր (Սպիտակավոր Սբ Աստվածածին եկեղեցի)

Նյութ : Քար

Ինվենտար # : 1320-22