ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Քառանիվ սայլ

Սայլի մասերը պատրաստված են տարբեր փայտատեսակներից. անիվները՝ կաղնի, քանդակազարդ տախտակները՝ կարմրափայտ, քաշանը, լուծը, կամարի ձողերը՝ թեղի: Դետալները միացվել են բացառապես փայտե սեպերով և գամերով: Մետաղը ծառայել է միայն արտաքին հարդարանքի զարդերի համար: Անիվները (տր. 120 սմ) պատրաստված են փայտե սեպերով գամված երեք խոշոր կտորներից: Սռնին անշարժ է: Թափքը (175 x 100 x 96 սմ) հիմքում ուղղանկյունաձև է՝ պինդ ամրացված սռնուն: Կամարածածկի 16 պայտաձև ճկված ձողերն ունեն լայնական միջանցիկ անցքեր, որոնց միջև ձգվել է փայտե նրբաձողերից հյուսված խիտ ցանցաձև ծածկ: Թափքի առաջնամասում և ետնամասում տեղադրված են վարդյակներով և պարույրներով հարդարված քանդակազարդ տախտակներ: Քաշանը (երկ. 310 սմ) երկճյուղ է՝ թափքին գամված: Ծայրում ունի ձևավոր լուծ (երկ. 200 սմ): Սռնու անշարժությունը կարող էր դժվարեցնել սայլի շրջադարձը փոքր տարածքներում: Երկար քաշանը ընձեռում էր դյուրին շրջապտույտի հնարավորություն: Առեղի և լծի միացման տեղը զարդարվել է բրոնզե մարտակառքի խմբաքանդակով կամ կենդանիների և թռչունների բրոնզե արձանիկներով: Սայլի հետ մեկտեղ դամբարան են իջեցվել հանգուցյալի կարգավիճակին պատշաճ զենքեր, զարդեր, պաշտամունքային և կենցաղային բազմազան իրեր: Նման սայլերը դամբարան էին իջեցվում լծված զույգ եզներով կամ ձիերով:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ա. 15-14-րդ դդ.

Տարածաշրջան : Լճաշեն

Նյութ : Փայտ

Ինվենտար # : 2009-609