«Հայտնվել քարի դարում»
Կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար։ Մասնակիցների համար «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահում կանցկացվի ճանաչողական էքսկուրսիա, կներկայացվեն քարի դարի ժամանակաշրջանին բնորոշ կենցաղը, կիրառական առարկաները: Այնուհետև կրթական ծրագրերի համար նախատեսված սրահում երեխաները կբաժանվեն երկու խմբի, որոնցից յուրաքանչյուրին կտրվեն քարի դարի ժամանակաշրջանին բնորոշ տարբեր առարկաների թղթե պատկերներ (ըստ ցուցադրվող նմուշների): Յուրաքանչյուր խմբից կընտրվի […]
«Զարդերի մոգական ուժը»
«Զարդերի մոգական ուժը» կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցականների համար։ Մասնակիցները կծանոթանան «Դրվագներ ինքնության. զարդ» խորագրով ցուցահանդեսին, ցուցանմուշների կիրառական և հմայական նշանակությանը, այնուհետև ծրագրի մասնակիցներին կտրվեն զարդ պատրաստելու համար նախատեսված պարագաներ, արհեստական քարեր` մարջան, սաթ, ագաթ, ոսկեգույն և արծաթագույն ուլունքներ: Մասնագետի օգնությամբ նրանք կփորձեն ցուցանմուշների հիման վրա պատրաստել իրենց զարդը:
«Ե՛վ նման ենք, և՛ տարբեր»
«Ե՛վ նման ենք, և՛ տարբեր» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր դպրոցականների համար։ Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան «Հողի գաղտնիքը․ Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցադրությանը: Նախապես ընտրված ցուցանմուշները անհրաժեշտ է մտապահել՝ կրթական ծրագրի ընթացքում ցուցանմուշների լուսանկարները իրենց նկարագրերին համապատասխանեցնելու համար: Կհաղթի այն թիմը, որն առաջինը կգտնի բոլոր ճիշտ տարբերակները:
«Լցնենք արքայական գանձարանը․ Արտաշեսյան թագավորություն»
«Լցնենք արքայական գանձարանը․ Արտաշեսյան թագավորություն» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է միջին ու ավագ դպրոցականների համար: Կրթական ծրագրի ընթացքում աշակերտները կծանոթանան «Հողի գաղտնիքը․ Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցադրությանը՝ մասնավորապես մետաղադրամներին, դրանց պատկերագրությանը և հատման առանձնահատկություններին։ Ապա կփորձեն ստեղծել դրամներ ու դրանցով լցնել մեր «արքայական գանձարանը»։
«Ասեղնագործություն և նորաձևություն. հինը` նորովի»
«Ասեղնագործություն և նորաձևություն. հինը` նորովի» կրթական ծրագիրը նախատեսված է 18 և բարձր տարիքային խմբի համար: Ծրագրի շրջանակում ընտրվում է թանգարանի որևէ ասեղնագործ նմուշ, այնուհետև էլեկտրոնային տարբերակով մասնակիցներին ներկայացվում են ասեղնագործության տարրերը նորաձևության ժամանակակից միտումներում: Մասնագետն ըստ օրինակի սովորեցնում է հայկական ասեղնագործության հմտությունները, որից հետո խմբի անդամները փորձում են տեղում կիրառել դրանք:
«Կավե ձեռքեր»
«Կավե ձեռքեր» կրթական ծրագրի շրջանակում կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին տրամադրվում է թանգարանի որևէ ցուցանմուշի կրկնօրինակ, ներկայացվում խեցեգործության պատմությունը, որից հետո նրանք փորձում են իրենց ձեռքով պատրաստել ներկայացված ցուցանմուշից: Այնուհետև երեխաներին հնարավորություն է տրվում դուրգի անիվի օգնությամբ պատրաստել իրենց ցանկացած կավե իրը:
«Ճանաչիր երկիրդ տարազով»
«Ճանաչիր երկիրդ տարազով» կրթական ծրագրի շրջանակում՝ տարազների ցուցադրության սրահում, 12-14 տարեկան երեխաները ծանոթանում են ցուցանմուշների տարածաշրջանային առանձնահատկություններին ու յուրահատկություններին, խորհրդանիշներին, այնուհետև նրանց ներկայացվում են պատմական տարբեր տարածաշրջանների տարազային համալիրներից պատրաստված խաղ-գլուխկոտրուկներ, որոնց մասնիկները պետք է դասավորվեն ճիշտ ձևով: