Մայիսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկեց թանգարանի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանի կողմից կազմակերպված «Անիի հնագիտական դպրոցը» խորագրով միջազգային գիտաժողովը։
Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ով ընդգծեց եռօրյա գիտաժողովի կարևորությունը՝ նվիրված Անիի կանոնավոր պեղումների և հնադարանի ստեղծման 120-ամյակին, ինչպես նաև երեք ականավոր հետազոտողների հոբելյաններին, քանի որ այս տարի լրանում են Անիի պեղումների արշավախմբի ղեկավար Ն. Մառի 160, Անիի ճարտարապետության նշանավոր հետազոտող և արշավախմբի աջակից Թ. Թորամանյանի 160 և արշավախմբի առանցքային անդամներից մեկի ու Հայաստանում հնագիտական աշխատանքների կազմակերպիչ Ա. Քալանթարի 140-ամյակները։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը իր ողջույնի խոսքում կարևորեց հնագիտության և հայագիտության ոլորտում Ն․ Մառի գլխավորած արշավախմբի ունեցած բացառիկ դերակատարումը։
Ազգային հետազոտությունների Մոսկվայի շինարարական պետական համալսարանի Ճարտարապետության և քաղաքաշինության ինստիտուտի տնօրեն Արմեն Ղազարյանը իր խոսքում նշեց Անիի ճարտարապետության բացառիկությունը՝ Անին համեմատելով միջնադարյան անտիկ քաղաքների հետ։
Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ նաև Հայաստանի պատմության թանգարանի և Բուն TV-ի հետ համատեղ նկարահանված «Անի․Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» ֆիլմի պրեմիերան։