Հուլիսի 19-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ Ա․ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի ու ԵՊՀ Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի բանախոսությունը՝ «Աշխարհբեկ Քալանթարից մինչև հին աշխարհի ժամանակագրություն» թեմայով։

Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանն իր բացման խոսքում կարևորելով դասախոսության թեման, շնորհակալություն հայտնեց բանախոսին, ով հանդիսանալով Աշխարհբեկ Քալանթարի ժառանգներից մեկը, շարունակում է կատարել հետազոտական աշխատանքներ վերջինիս գործունեության լուսաբանման վերաբերյալ։

Զեկուցման ընթացքում բանախոսը ներկայացրեց դրվագներ, փաստաթղթեր հայ ականավոր հնագետ Աշխարհբեկ Քալանթարի գործունեությունից: Ինչպես նաև անդրադարձ կատարեց սեպագիր արձանագրությունների տվյալների և ժամանակակից աստղաֆիզիկական մեթոդների կիրառմանը Հին Արևելքի բացարձակ ժամանակագրության հետազոտություններում՝ մասնագետների միջազգային թիմի կազմում: