Հայաստանի պատմության թանգարանի կողմից իրականացվող միջազգային համագործակցության և թանգարանի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության շրջանակներում կայացավ ուշագրավ բանախոսություն` «Բազմադեմ Սատաղյան Անահիտը» խորագրով, որը վարեց Բրիտանական թանգարանի Հունաստանի և Հռոմի բաժնի ղեկավար Թոմաս Հարիսոնը: Ողջույնի խոսքով հանդես եկան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Վերերկրային գեղեցկություն և մի շարք նույնականացումներ, վարկածներ. Անահիտի բրոնզաձույլ արձանից պահպանված գլուխը և ձեռքը բազմաթիվ քննարկումներ են ծնել։ Այսօր այն յուրօրինակ կամուրջ է` անցյալի և ներկայի, Լոնդոնի Բրիտանական և Հայաստանի պատմության թանգարանների միջև, որին ծանոթանալու հնարավորություն դեռ ունեք` մինչև մարտի 21-ը։