Նոյեմբերի 2-ին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ՀՊԹ Հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ, պ․գ․թ․ Բենիկ Վարդանյանի բանախոսությունը՝ «Կնոջ պաշտամունքը և պատկերման եղանակները Հայաստանի բրոնզի և երկաթի դարերում» խորագրով։
Բանախոսն իր ելույթի ընթացքում նեկայացրեց ծիսական գործողությունների վայրերը, դրանցում օգտագործված իրերը, պատկերագրական տվյալները, վաղ բրոնզեդարյան արձանիկները (մ․թ․ա․ 35-24-րդ դարեր), դիցուհու պաշտամունքն ու պատկերագրությունը միջին բրոնզի դարում, «Մեծ մոր», օջախի պահպանման և պտղաբերության հովանավոր դիցուհու կերպարն ուշ բրոնզի դարում (մ․թ․ա․ 15-13-րդ դարեր), ինչպես նաև երկաթի դարի վաղ շրջափուլին վերագրվող տաճարական համալիրները, երկաթեդարյան դամբանադաշտերի կանացիակերպ կուռքերը, Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններից (Այրում, Պառավաքար) գտնված բրոնզե մանրաքանդակները։
Բանախոսության ավարտից հետո մասնակիցները դիտեցին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը։
Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի։