Հոկտեմբերի 26-ին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Բորիս Գասպարյանի բանախոսությունը՝ «Մայրության և պտղաբերության պաշտամունքը Հայաստանի հնագույն քանդակներում» (հիմնված ուշ նեոլիթ-էնեոլիթի և ուշ բրոնզ-վաղ երկաթի դարաշրջանի նորահայտ արձանիկների վրա) խորագրով։
Բանախոսն իր ելույթի ընթացքում անդրադարձ կատարեց Հայաստանում վերջին տասնամյակում հայտնաբերված հինգ նորահայտ քարե և կավե կանացիակերպ արձանիկների նախնական նկարագրությանն ու գիտական շրջանառության մեջ դրանց ներդրմանը։
Արձանիկներն իրենց տիպաբանական գծերով և ոճական առանձնահատկություններով պատկանում են հնագիտական տարբեր մշակույթների և ժամանակագրական տարբեր հատվածների։
Բանախոսության ավարտից հետո մասնակիցները շրջայց կատարեցին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում։
Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի։