Հունվարի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ Երուսաղեմի Վ. Ֆ. Օլբրայթ հնագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի նախկին ղեկավար, 2023 թ․ Բրիտանական թանգարանում կազմակերպված «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» միջազգային ցուցահանդեսի համադրող դոկտոր Ջեյմս Ֆրեյզերի բանախոսությունը՝ «Շքեղություն և ուժ․ Աքեմենյան աշխարհի ծայրամասում» խորագրով։ Հայաստանի պատմության թանգարանի կողմից իրականացվող միջազգային համագործակցության արդյունքում կազմակերպված այս բանախոսությունը ունկնդիրներին հնարավորություն տվեց ծանոթանալու աքեմենյան ժամանակաշրջանին բնորոշ նյութական մշակույթի յուրօրինակ ոճերի զարգացմանը։ Այս ոճերը կրկնօրինակվել են պարսկական կայսրության տիրակալների կողմից և միաձուլվել տեղական ավանդույթների հետ՝ ստեղծելով քաղաքական հեղինակություն ներկայացնող շքեղության նոր ոճեր։ Նմանատիպ ոճեր կիրառվել են նաև Հայաստանի տարածքում՝ ունենալով սակայն տարածաշրջանին և տեղի կանոններին բնորոշ առանձնահատկություններ։