Մայիսի 24-ին «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ժամանակավոր ցուցադրության փակման և ամփոփման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում «Քէմբ Օտտօ․ անտեսանելի ժառանգություն» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ հրատարակիչ և թարգմանիչ «Editions Parenthèses, collection Diasporales»-ի պատասխանատու Հուրի Վարժապետեանը։ Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայաստանի պատմության թանգարանի և ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության համագործակցությամբ՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում: Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում ընդգծեց նմանատիպ համագործակցությունների կարևորությունը պատմական հիշողությունների պահպանման գործում։ Բանախոսը ներկայացրեց Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» գաղթականական կայանում ապաստանած հայ գաղթականների առօրյան, ինչպես նաև «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության կամավորների կատարած հետազոտությունների, ուսումնասիրությունների շնորհիվ ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին գտնելու ուղղությամբ կատարված աշխատանքները։