«Եվրոպական ժառանգության օրեր․ կենսունակ ժառանգություն» միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ բոլորիս կողմից սպասված իրադարձություն։
Թանգարանի գործընկեր «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ ամիսներ շարունակ թանգարանի գորգերի ցուցասրահում այցելուների աչքի առաջ գործված գորգը կտրվեց հանդիսավոր արարողությամբ։ Գործված գորգը ցուցասրահում ներկայացված նմուշներից մեկի՝ 19-րդ դարով թվագրվող, «Աստղահավք» տիպի գորգի կրկնօրինակն է։
Գորգի կտրման արարողությանը հաջորդեց «Հայկական գորգ․ ինքնության կենդանի վկան» խորագրով բանախոսություն-շրջայց, որը վարեց թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լիլիա Ավանեսյանը։