Մարտի 11-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Երեկ և այսօր․ Ժակ դը Մորգանի հետքերով» միջազգային ցուցահանդեսի փակման արարողությունը։ Որպես ցուցադրության ամփոփում՝ ներկաները հնարավորություն ունեցան ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, Հայ-ֆրանսիական Այրում 1, Դեբեդավան, Բենիամին հնավայրերի արշավախմբի համաղեկավար Լևոն Աղիկյանի ուղեկցությամբ շրջայց կատարել «Երեկ և այսօր․ Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով ցուցասրահում։ Շրջայցի ընթացքում Լևոն Աղիկյանը ներկայացրեց ֆրանսիացի ականավոր հնագետ Ժակ դը Մորգանի մասնագիտական գործունեությունը, նրա գլխավորած հնագիտական արշավախմբերի կողմից անցկացված պեղումների արդյունքները, ներկայումս իրականացվող պեղումների ընթացքը, ինչպես նաև հետաքրքիր մանրամասներ ցուցասրահում ներկայացված նմուշների վերաբերյալ։

«Երեկ և այսօր․ Ժակ դը Մորգանի հետքերով» 360° առցանց ցուցադրությունը հայերեն և անգլերեն լեզուներով հասանելի է Հայաստանի պատմության թանգարանի պաշտոնական կայքում։ Հղումը ստորև՝ https://shorturl.at/C02Gg