Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկեց «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի պատմության թանգարանի 105 և թանգարանի հիմնադիր տնօրեն Երվանդ Լալայանի 160-ամյակներին:
Գիտաժողովը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԻՍԻ ԷԹԻՔՍ) և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի համատեղ նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍՆ, ԵՊՀ թանգարանի և Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանի աջակցությամբ։
Բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, ով ընդգծեց այս գիտաժողովի կարևորությունը թանգարանային ոլորտի զարգացման գործում։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում ներկայացրեց ընտրված թեմայի արդիականությունը՝ թանգարանագիտական քննարկումների, մասնագիտական փորձի ներկայացման և փոխանակման տեսանկյունից։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ԻԿՕՄ ԻՔԹՕՓ նախագահ Ռիտա Կապուրոն, ԻՍԻ ԷԹԻՔՍ նախագահ Լինա Գ․ Թահանը և ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Հայկ Մկրտչյանը։
Գիտաժողովը կտևի մինչև հոկտեմբերի 26-ը։