Մայիսի 17-ին Հայաստանի պատմության թանգարանը միացավ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնությանը՝ անցկացնելով մի շարք միջոցառումներ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո։ Երեկոն սկսվեց «Կայթ» նվագախմբի համերգով, որի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ունկնդրելու Հայաստանի տարբեր գավառներից պահպանված երգեր՝ նոր մշակումներով։ Համերգը ստեղծեց ջերմ և ազգային մշակույթով լի մթնոլորտ՝ միավորելով անցյալի ժառանգությունն ու ժամանակակից կատարողական արվեստը։ Հաջորդիվ տեղի ունեցավ մշտական ցուցադրության՝ «Պետականության վերականգնման ուղիներով. 15–18-րդ դարեր» խորագիրը կրող հատվածի վերաբացման արարողությունը։